Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ),

5) վարժարան (5-12-րդ դասարաններ),

6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ):

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևով:

Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը:

Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը չպետք է հակասի «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների դրույթներին: Ներկայումս հիմնական դպրոցի շրջանավարտների 90%-ից ավելին օգտվում է կրթությունը շարունակելու իրավունքից և դիմում է ավագ դպրոց:

Կրթության որակի ապահովման խնդիրը առանձնապես կարևորվում է ավագ դպրոցում, որը հանդիսանում է մասնագիտական կրթության նախաշեմը:

Կրթության որակի վերահսկողության և գնահատման, ինչպես նաև որակի ապահովման համակարգված, գործուն համակարգերը դեռ նոր են ձևավորվում, ուստի, որակի մասին կարելի է դատել հասարակությունում առկա գնահատականներից և իրողություններից, դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունների արդյունքներից և այլն: Այսպես, ծնողների գերակշիռ մասը, չբավարարվելով դպրոցում իրենց երեխաների ստացած գիտելիքներով, դիմում է կրկնուսույցներին, բուհական ընդունելության շրջանում մասնավոր պարապմունքների արդյունքում ակնկալելով բարձր գնահատականներ: Կրկնուսույցների մոտ մի քանի առարկայի ծանրաբեռնված ուսուցման հետևանքով սովորողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դպրոցում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, ինչպես նաև՝ հաճախակի բացակայում են դասերից:

Յուրաքանչյուր տարի պետական բուհերը ունենում են շուրջ 12500 դիմորդներ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ 6000, բացի 2011-2012 ուսումնական տարվանից, քանի որ հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չեն տվել:


Գլուխ 9.3. Հանրակրթության պետական չափորոշիչի, գործառույթների, կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացի իրավական կարգավորումը

9.3.1. Հանրակրթության պետական չափորոշիչը, գործառույթները և կրթական ծրագրերը

Պետական կրթական չափորոշիչը /ՊԿՉ/ նորմատիվ է, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ը սահմանում է, որ հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի՝

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները,

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները՝ ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների,

3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները,

4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային