Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի: Կրթության պետական կաոավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:

Պետական ուսումնական հաստատության դասարանի կազմավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշիչով:

Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցում իրականացվում է ներառական կրթության սկզբունքով:

Ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված դասագրքեր և ձեռնարկներ՝ ուսումնական հաստատության ընտրությամբ:

Ուսումնական հաստատությունը կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սովորողների, նրանց ծնողների, մանկավարժական աշխատողների և տվյալ ուսումնական հաստատությունում կրթական գործընթացին մասնակից այլ անձանց համար ապահովում է կրթությանն օժանդակող խորհրդատվական ծառայություններ՝ տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլն: Մասնագիտացված կրթական աջակցության ձևերի կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:


9.3.4. Սովորողների գնահատման և ատեստավորման իրավական կարգավորումը

Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային ու տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը՝ հանրակրթության պետական չափորոշիչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում՝ պետական ամփոփիչ ատեստավորում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն, 1-ին դասարանի բոլոր սովորողները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան՝ գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:

4. 4-րդ դասարանի /տարրական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:

5. 9-րդ դասարանի /հիմնական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող սովորողները ստանում են հիմնական կրթության ավարտական վկայական: