Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ոք» բառերի բառացի մեկնաբանության արդյունքում, ցանկացած մարդու կողմից՝ անկախ ծննդյան և բնակության վայրից, սեռային, ռասայական, կրոնական և այլ առանձնահատկություններից։ Դա միանգամայն հասկանալի է, քանի որ նման հավակնությունները կարող են լինել միայն մարդկային հասարակության մեջ։ Դրանից դուրս այդպիսի հավակնումներն անիմաստ են։ Կրթության իրավունքի տեսանկյունից յուրաքանչյուր մարդ հասարակական ինստիտուտների կողմից, որոշակի պաշարով գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու ձեռքբերման միջոցով կարող է հավակնել, իր կառուցողական սոցիալականացման ապահովմանը։

Միևնույն ժամանակ «յուրաքանչյուր» բառը վերացական բնույթ է կրում, վերացական այն իմաստով, որ ցանկացած մարդ գտնվում է ոչ միայն «համամարդկային» կապերի մեջ այլ մարդկանց հետ, այլև, ինչը հատկապես կարևոր է, բավական խստորեն սահմանված քաղաքա-իրավական կապերի մեջ է կոնկրետ պետության և նրա օրենսդրության հետ՝ հանդիսանալով այդ կոնկրետ պետության քաղաքացին (հպատակը)։ Դրանով իսկ, պետության տիպից, տվյալ հասարակության մեջ գերիշխող քաղաքական ռեժիմից, այդ քաղաքացու քաղաքա-իրավական կարգավիճակի առանձնահատկություններից կախված՝ տարբեր իրավունքների և ազատությունների «հավաքածու» ունեցող քաղաքացուն թղթակցում է նաև պետության (ի դիմս իրեն՝ նաև հասարակության) պարտավորությունների հավաքածուի հետ՝ ինչպես բնական, այնպես էլ՝ սոցիալական այդ իրավունքների ու ազատությունների երաշխավորման նպատակով։

Իսկ կարո՞ղ է, արդյոք, պետությունը՝ այլ պետության քաղաքացու «կրթական» հավակնությունը նույնպես երաշխավորել։ Չընկնելով այս թեմայի մանրամասների մեջ՝ սահմանափակվենք միայն նշելով, որ Հայաստանում (ինչպեսև, ի դեպ, ցանկացած այլ ժամանակակից ժողովրդավարական պետությունում) իսկապես յուրաքանչյուրը կարող է կրթական բնույթի իր պահանջմունքներն ու շահերն իրացնել, բայց միայն այն դեպքում, եթե այդ «յուրաքանչյուրը» բնակվում է Հայաստանի տարածքում՝ օրինական հիմունքներով։

3. Կրթության իրավունքը, ավելի ճիշտ՝ դրա իրականացումը, ինչպես նշվեց, ենթադրում է, պետության ակտիվ դերակատարում՝ նմանօրինակ սոցիալական հավակնությունների երաշխավորման գործում։ Իհարկե, հասարակությունն ինքը օտարված չէ իր դերերից, քանի որ խոսքն այնուամենայնիվ սոցիալականացման (ընդհանուր կամ մասնագիտական) մասին է, սակայն հիմնական դերն այնուամենայնիվ հենց պետությանն է՝ որպես առաջատար սոցիալական ինստիտուտ, որը որոշում է հասարակության պատմական զարգացման ուղղությունը և իր էթնոազգային, մշակութային, սոցիալ-տնտեսական, քաղաքա-իրավական ամբողջականությունը, «ինքնությունը»։ Զանգվածային լրատվության միջոցներում երբեմն հարց է դրվում. ո՞վ է պարտավոր լինել կրթության համար գլխավոր «պատասխանատուն»՝ պետությու՞նը, թե՞ հասարակությունը․․․ նման հարցադրումը, մեր կարծիքով, արմատապես ճիշտ չէ։ Այլ բան է, որ կոնկրետ պետությունն իր զարգացման այս կամ այն փուլում, ի դեմս իր կոնկրետ ներկայացուցիչների (ՀՀ Նախագահ, ՀՀ կառավարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն և այլն) կրթության ոլորտում վարում է իր քաղաքականության ո՛չ արդյունավետ, ո՛չ մտածված ռազմավարություն, մենք մեր երկրի կայացման առաջին տարիներին այդ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին բախվել ենք։ Սակայն դա ոչ մի ձևով չի հանգեցնում այն եզրակացությանը, որ պետությունը, որպես առաջատար սոցիալական ինստիտուտ, «պարտավոր է» դուրս գալ կրթության կառավարման սուբյեկտների թվից։

4. Ցանկացած իրավունք, այդ թվում և կրթության իրավունքը, հայտնի իմաստով, նաև պարտականություն է։ Ավելին, ինչպես վկայում են թե՛ օրենսդրությունը, թե՛ իրավաբանական պրակտիկան, թե՛ կյանքն ինքն ընդհանրապես, մարդկանց բազմաթիվ իրավունքներ «առաջանում» են միայն այն բանից հետո, երբ մարդը կատարում է որոշ հասարակական (և իրավաբանական) պարտականություններ։ Իրենց հերթին, իրավունքների իրականացումը բերում է նոր պարտականությունների առաջացմանը, դրանք էլ՝ այլ իրավունքների հայտնվելուն և այլն։ Այլ դեպքերում մենք տեսնում ենք, որ որոշ իրավունքներ պարզապես միահյուսված են պարտականությունների հետ (դրա օրինակ կարող է լինել, մանկավարժի կողմից իրականացվող որոշակի