Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով:

Այսինքն՝ դպրոցի տիպի ընտրության իրավունքը այլևս տրվեց ծնողին և կամ երեխայի օրինական ներկայացուցչին, ի տարբերություն նախկին համակարգի, երբ դպրոցի տեսակի ընտրության որոշումը հիմնվում էր բժշկի տված եզրակացության վրա: Կարելի է ասել, որ այս օրենքով ինչ-որ չափով վավերացվեց նաև իրավունքի գերակայությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում:

1971 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Մտավոր թերզարգացած անձանց իրավունքների մասին» Հռչակագիրը, իսկ արդեն 1975 թվականին՝ «Հաշմանդամների իրավունքների մասին» Հռչակագիրը: ՄԱԿ-ի հենց այդ հռչակագրում ձևակերպվեցին հաշմանդամների ընդհանուր իրավունքները, որի հիմնական, հիմնարար դրույթներն ամրագրում են.

- հաշմանդամներն ունեն մարդկային արժանապատվության, հարգանքի իրավունք,

- ունեն միևնույն քաղաքացիական և քաղաքական իրավունքները, ինչ և այլ անձինք,

- այնպիսի միջոցների իրավունք ունեն, որոնք հնարավորություն են ընձեռում ձեռք բերելու որքան հնարավոր է՝ մեծ ինքնուրույնություն,

- բժշկական, տեխնիկական կամ ֆունկցիոնալ բուժման, ներառյալ պրոթեզաօրթոպեդիկ սարքերը, առողջության վերականգնման, կրթության, մասնագիտական պատրաստվածության, արհեստների և աշխատանքային գործունեության կարողության վերականգնման, աշխատանքի տեղավորմանն օգնության, խորհրդատվական ծառայությունների և սպասարկման այլ տեսակների,

- հաշմանդամները պետք է պաշտպանված լինեն ցանկացած շահագործումից:

Հաշմանդամությունը առողջության խանգարմամբ՝ հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի գործառույթների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարությունն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

Ներկայումս հաշմանդամության ընկալման վերաբերյալ գոյություն ունեն և գործնականում կիրառվում են երկու մոտեցում՝ բժշկական և սոցիալական մոդելները: Դրանցից յուրաքանչյուրը շեշտադրում է, թե ինչն է որոշիչ «հաշմանդամ» բառի մեջ:

Այսպես, եթե կենտրոնանում ենք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդկանց համարում ենք առաջին հերթին հիվանդ, ապա նրանց դրության բարելավման գործողությունները կկրեն հիմնականում բժշկական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում): Այսպիսով, ըստ բժշկական մոդելի, մարդը հաշմանդամ է դառնում առողջության՝ ֆիզիկական, մտավոր, հոգեկան հիվանդությունների կամ զգայարանի /զգայարանների/ կամ մարմնի որևէ ֆունկցիայի մասնակի կամ լրիվ կորստի հետևանքով:

Սրա հետևանքով մարդը զրկվում է ինքնուրույն կենսագործունեությունից և դառնում է «հիվանդ», «խնամյալ», որի համար մասնագետները դնում են բազմաթիվ սահմանափակումներ: Դա հանգեցնում է հաշմանդամների սոցիալական մեկուսացմանը ու չի նպաստում նրանց ներգրավմանը հասարակական կյանքի մեջ:

Սակայն հաշմանդամության վերաբերյալ գոյություն ունի նաև մեկ այլ՝ սոցիալական մոտեցում: Այս մոտեցման շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է նախ և առաջ որպես միջավայրի անմատչելիության, հաշմանդամ մարդկանց կարիքներին հարմարեցված չլինելու հիմնախնդիր: Միջավայրի անմատչելիություն ասելով հասկացվում է ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական արգելքների, խոչընդոտների ամբողջ համալիրը, որը խանգարում է հաշմանդամին օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են մյուս մարդիկ: Օրինակ՝ մեծ թվով հաշմանդամներ չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից միայն այն պատճառով, որ այն հարմարեցված չէ նրանց համար: Քչերի մտքով է անցնում, որ, ասենք, ավտոբուսի, խանութի, շենքերի և հասարակական նշանակություն ունեցող շինությունների մուտքը, անհրաժեշտ է հարմարեցնել նրանց համար, ովքեր տեղաշարժվում են այլ կերպ, քան մարդկանց մեծ մասը: Հատուկ սարքերը, օրինակ՝ լսողական սարքերը կամ