Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպման միջոցով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, երբեմն, անվանում են արատավորներ, որն առաջին հայացքից ունի վիրավորական իմաստ: Սակայն «արատ» եզրույթը նորմայից ֆիզիկական կամ հոգեբանական շեղումն է, որը սահմանափակում է անձի սոցիալական գործունեությունը և հաստատված է բժշկասոցիալմանկավարժական հանձնաժողովի կամ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից:

Հոգեբանամանկավարժական և բժշկասոցիալական օգնության կարիք ունեցող պետական և տեղական ինքնակառավարման ուսումնական հաստատությունների համար կարող են գործել՝

  • ախտորոշման և խորհրդատվության,
  • ախտորոշման և խորհրդատվության,
  • հոգեբանամանկավարժական և բժշկական ուղղորդման,
  • հոգեբանամանկավարժական վերականգնման և շտկման,
  • սոցիալ-աշխատանքային հարմարման և մասնագիտական կողմնորոշման,
  • տարբերակված կրթության և բուժիչ-մանկավարժական և այլ կենտրոններ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետևյալ ելակետային դրույթների հիմքի վրա.

  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցում,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից` անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից,
  • երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման:

Ներկայումս ՀՀ կրթության և գիտության համակարգում գործում է 24 հատուկ դպրոց և մեկ բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն:

Հատուկ կրթությունը նախադպրոցական, սկզբնական, ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ ընդհանուր, սկզբնական մասնագիտական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթությունն է, որի ստացման համար առողջական սահմանափակ հնարավորություններով անձանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ՝ իրենց առողջությանը համապատասխան կրթական միջավայր, նպատակ ունենալով նրանց հարմարեցնել և ինտեգրել հասարակությանը, ձևավորել ինքնախնամքի, ինքնասպասարկման, ինքնօգնության հմտություններ, պատրաստել աշխատանքային, այդ թվում նաև մասնագիտական գործունեության և ընտանեկան կյանքի:

Այսինքն՝ ֆիզիկական կամ հոգեբանական նորմայից շեղում ունեցող այն անձինք, ում սոցիալական գործունեությունը առողջական վիճակի /արատավորության/ պատճառով սահմանափակված է, ինչը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը հաստատել է իր որոշմամբ, օգտվում են հատուկ կրթական հաստատություններում և ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում պետական աջակցությունից:

Ոչ պետական հաստատությունների համար Տիպային կանոնադրությունը հանդիսանում է օրինակելի:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերով:

Վարքի ոչ մեծ շեղում ունեցող անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները՝ հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները: