Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևյալ տեսակները՝

1) սոցիալական ծառայությունների մատուցում առանց բնակության ապահովման, որը ներառում է՝

ա. լրացուցիչ հատուկ կրթական ծրագրերի իրականացում,

բ. լրացուցիչ հատուկ մանկավարժական ծառայության կազմակերպում,

2) սովորողների սննդի կազմակերպում,

3) անմիջականորեն սաների կողմից ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում։

Փաստորեն ամբողջ Հայաստանի համար առայժմ ստեղծված է մեկ այդպիսի կենտրոն և պարզ չէ՝ այն հանրապետական կենտրո՞ն է, թե՞ ոչ, ունի՞ արդյոք բազմամասնագիտական այլ կենտրոններին գիտամեթոդական ծառայություն ցուցաբերելու գործառույթ կամ մյուս հանձնաժողովների և ծնողների (այլ օրինական ներկայացուցչի) միջև ծագող վեճերի լուծման նպատակով, որպես հանրապետական բժշկահոգեբանամանկավարժական բազմամասնագիտական հանձնաժողով, ունի վերջնական եզրակացություն տալու իրավունք։

Հաջորդը կադրային որակյալ ռեսուրսների ապահովման պահանջն է։

Բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի կազմի մեջ պարտադիր կերպով պետք է մտնեն փորձառություն ունեցող հոգեբան, բժիշկներ՝ հոգեբույժ, նյարդաբան, ոսկրաբույժ, ակնաբույժ, թերապևտ, ֆիզիոթերապևտ, ինչպես նաև հատուկ կրթության ոլորտի մասնագետներ՝ լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող և իրավաբան։

Հանձնաժողովի աշխատանքներում մասնակցություն կարող են ունենալ նաև կրթության կառավարման համապատասխան մարմինների ներկայացուցիչները, առողջության պահպանման, բնակչության սոցիալական պաշտպանության մարմինները։

Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման՝

ա) ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) դիմումի հիման վրա՝ իր նախաձեռնությամբ,

բ) կրթության,

գ) առողջապահության,

դ) սոցիալական ապահովության համակարգի իրավասու մարմինների,

ե) հասարակական կազմակերպությունների առաջարկով,

զ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա, որոնք զբաղվում են առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց իրավունքների պաշտպանությամբ։

Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։

Երեխաներին դատարանի որոշմամբ ստուգման ուղարկելու դեպքում ծնողների (այլ օրինական ներկայացուցչի) համաձայնությունը չի պահանջվում։

Առողջության պահպանման հաստատությունը պարտավոր է երեխային տասն օրվա ընթացքում ուղարկել հոգեբանամանկավարժական և բժշկական հետազոտության, եթե հայտնաբերված են ֆիզիկական կամ հոգեբանական հիվանդության ակնհայտ նշաններ։

Երեխայի հետազոտության արդյունքները նշվում են հանձնաժողովի եզրակացության մեջ, որը հանդիսանում է հիմք, որպեսզի երեխային (ծնողների համաձայնությամբ) ուղարկեն հատուկ կրթական հաստատություն, ներառական /ինտեգրված/ կրթության հաստատություն, կամ կրթությունը կազմակերպեն տանը։

Բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովը պարտավոր է պահպանել մասնագիտական գաղտնիքը, այդ թվում նաև պահպանելիք տված եզրակացության գաղտնիությունը։

Եթե ծնողները համաձայն չեն եզրակացության հետ, կենտրոնը պարտավոր է անցկացնել երկրորդ փորձաքննությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում։

Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել դատարանում։