Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և կուտակվում են միայն այն դեպքում, երբ պահանջվող կրթական արդյունքների հաջող ձեռքբերումը հաստատված է գնահատմամբ:

Կրեդիտների փոխանցման և կուտակման ECTS համակարգը միասնական համաեվրովպական կրեդիտային համակարգ է, համաձայն որի՝ մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը չափվում է 60 ակադեմիական կրեդիտով: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ դրանց տեղափոխումը դյուրացնելու համար:

Ուսուցման գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելիս սահմանվում են տվյալ կրթական ծրագրով նախատեսված որակավորման շնորհման համար անհրաժեշտ կրեդիտների քանակը, այդ կրեդիտները ձևավորող դասընթացների և կրթական մոդուլների բովանդակային կազմը՝ ծրագրի պարտադիր և ընտրովի առարկայացանկի տեսքով, դասընթացներին հատկացված կրեդիտները և ուսուցման ցիկլի նվազագույն տևողությունը: Բուհի կողմից սահմանված կարգի և կրթական ծրագրի պահանջների համաձայն, ուսանողներն իրենք են որոշում երբ, ինչ ժամկետներում և ինչ բովանդակությամբ կուտակել որակավորման համար անհրաժեշտ կրեդիտների նվազագույն քանակը, որից հետո կարող են հայցել համապատասխան որակավորում:

Կրեդիտներ հատկացվում են կրթական ծրագրի բոլոր կառուցամասերին և դրանց բաղկացուցիչներին՝ դասընթացներին, կրթական մոդուլներին և ուսումնական այլ գործողություններին, որոնք ենթակա են առանձին գնահատման:

Ուսումնական ծրագիրը և դրա առանձին բաղկացուցիչները բնութագրող բոլոր պայմանները՝ ծրագրի նպատակը և ավարտական պահանջները, դասընթացների խնդիրները, նախապայմանները և համառոտագրերը, հատկացված կրեդիտները, դասավանդման և գնահատման եղանակները պետք է նախապես հրապարակված լինեն (տպագրված կամ տեղադրված բուհի կայքում):

Հավատարմագրված բուհերում և կրթական ծրագրերում ստացված կրեդիտները սկզբունքորեն ճանաչելի և փոխանցելի են բուհերի և կրթական ծրագրերի միջև, եթե դրանց բովանդակությունը նախանշված և փաստացի կրթական արդյունքները համապատասխանում են տվյալ ուսումնական ծրագրի պահանջներին: Եթե կրեդիտների փոխանցման գործընթացում ներգրավված բուհերը այդ մասին կնքել են ECTS -ի պահանջներին համապատասխան եռակողմ (ուսանող, փոխանցող և ընդունող բուհեր) կրթական համաձայնագիր, ապա այն ունի իրավական ուժ:

ՀՀ բուհական համակարգի հիմնական նորմերին ծանոթանալու համար, սկսենք տարեկան աշխատածավալից և ուսումնական բեռնվածությունից:

ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բոլոր մակարդակի կրթական ծրագրերում առկա ուսուցմամբ ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը սահմանվում է 1800 ժամ, որը համարժեք է 60 ECTS կրեդիտի:

Մեկ ECTS կրեդիտը սահմանվում է որպես ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն) բեռնվածությամբ ուսումնական աշխատանք՝ ուսումնական ծրագրի դասընթացով կամ մոդուլով նախանշված կրթական արդյունքներին հասնելու համար: 1 կրթական կրեդիտի ժամային համարժեքը 30 ժամ է:

Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է 40 շաբաթ, որից առնվազն 32-ը տրամադրվում է ուսումնական պարապմունքներին: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակներով՝ աշնանային և գարնանային:

Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի:

Բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը կազմում է 23-30 ժամ /Առանց ֆիզկուլտուրայի պարապմունքների/, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում՝ 15-22 ժամ: