Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակական շարժումների, կազմակերպությունների, առանձին քաղաքացիների հարաբերությունների հետ, այն կոչված է նպատակային գործողություններով երաշխավորելու մարդկանց այս կամ այն ընկերակցության կենսագործունեությունը, նրանց ընդհանուր կամքի, շահերի և պահանջմունքների իրականացումը։ Պետության և իրավունքի տեսության /իրավագիտության/ մեջ մեծ տեղ է տրվում պետականագիտական հասկացությանը, որի հիմնական բաղադրամասը «պետության էության» բացահայտումն է։ Այն կյանքի է կոչվում անցկացվող պետական քաղաքականության միջոցով, որի տակ հասկացվում է պետության նպատակների և խնդիրների համակարգը, իր և հասարակության գործունեության զարգացման ապագայի ուղենիշները, ինչպես նաև այն միջոցները և մեթոդները, որոնցով պետք է հասնել դրված նպատակներին։

Ուրեմն, պետության քաղաքականությունն իրենից ներկայացնում է՝

  • իշխանության ձեռքբերման, պահպանման և հաստատման առնչությամբ կառավարության, սոցիալական դասերի, խմբերի միջև հարաբերություն;
  • հասարակական կյանքի տնտեսական, սոցիալական, հոգևոր, ռազմական և այլ ոլորտներում գործունեության համակարգ;
  • քաղաքական նպատակների իրագործմանն ուղղված գործնական առաջադրանքներ;
  • մարդկանց հետ աշխատելու արվեստ, նրանց շահերը, հոգեբանական և մասնագիտական հնարավորությունները հաշվի առնելու ու արտահայտելու հմտություն։

Քաղաքականության կենտրոնական սուբյեկտը կառավարությունն է, որն օժտված լինելով գործադիր իշխանության լծակներով, ապահովում է մարդկանց կենսագործունեության վրա որոշակիորեն ներազդելու հնարավորությունը։


1.3.2. Կրթության քաղաքականությունը որպես սոցիալական քաղաքականության բաղադրամասային ուղղություն

Սոցիալական քաղաքականության հետագա էվոլյուցիան իր հետևից իր կառուցվածքի մեջ ներքաշեց հասարակական բարիքի հիմնախնդրությունը։ Սակայն գրականության մեջ այդ տեսանկյունը տեսականորեն բավարար չի արտացոլված, օրինակ սոցիալ-քաղաքական հիմնախնդրության մասին դժվար թե գտնվի մի մենագրություն, որում հատուկ քննարկման առարկա դարձած լինի կրթությունը՝ որպես սոցիալական քաղաքականության բաղադրամասային ուղղություն։

Պետության սոցիալական քաղաքականությունը կարելի է ներկայացնել որպես սոցիալական ոլորտի /կրթություն, առողջապահություն, մշակույթ և բնապահպահպանություն/, մարդկանց կենսագործունեության վրա փոփոխություններ կատարելու նպատակով գիտակցված ազդեցության գործադրում։ Պետության սոցիալական քաղաքականության մասին առավել ընդհանրական այս պատկերացումը թույլ է տալիս այն դիտարկել որպես պետական կառավարման մաս, որի օբյեկտը հանդիսանում է մարդկանց կյանքի սոցիալական ոլորտն իր բաղադրամասերով։ Սոցիալական ոլորտի այս յուրահատկությունն ըմբռնելով, մենք կարող ենք հասկանալ նաև պետական գործունեության այնպիսի յուրահատկություն, ինչպիսին սոցիալական քաղաքականությունն է։

Հասարակական կյանքի սոցիալական ոլորտը դասավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ կազմությամբ․ Օբյեկտիվի տակ անհրաժեշտ է հասկանալ անհատի կյանքի պայմանները, իսկ սուբյեկտիվի տակ՝ անհատի պահանջմունքները։ Ընդ որում, մարդկանց կյանքի սոցիալական ոլորտը մարկանց կյանքի պայմանների և նրանց պահանջմունքների միջև հարաբերությունն է։ Եվ քանի որ «սոցիալական ոլորտ» հասկացությունը լայն առումով օգտագործելիս /ինչպես վերևում նշեցինք/ հասկացվում է սոցիալական ապահովությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և բնապահպահպանությունը, սրանք իրար հետ փոխշաղկապված լինելով, քննարկենք միայն կրթության ոլորտը, որպես սոցիալական քաղաքականության բաղադրամաս։

Ավանդաբար դասավորվել է այնպես, որ սոցիալական ապահովությանն են վերաբերում նաև