Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ ինստիտուցիոնալ վերահսկողությունը հենվում է ինքնակարգավորման, քաղաքացիական հասարակության տարբեր համակարգերի կողմից կատարվող վերահսկողության վրա:

Այն առաջին հերթին իրագործվում է միկրոմիջավայրի պայմաններում, հայտնաբերված սխալների մասին կրթական համայնքում բարձրաձայնելով կամ հասարակությանը իրազեկելով՝ հենվելով միմիայն բարոյա-հոգեբանական մեխանիզմների և հասարակական պարսավանքի վրա: Այդպիսի մեխանիզմներ են սոցիալ-բարոյական նորմերը, հասարակական կարծիքը, ավանդույթը, սովորույթները, ինչպես նաև այլ հոգեբանական գործոններ:

Հիբրիդ ինստիտուտները ներհատուկ են հատկապես կրթության ոլորտին, քանի որ գտնվելով թվարկված երկուսի միջակայքում, նրանք դառնում են կրթական գործընթացների ոչ միայն անմիջական մասնակից, այլ նաև անմիջական վերահսկողություն իրականացնող:

Վերահսկողությունը կարող է լինել ներքին և արտաքին: Սակայն, որպես տեսակ, առաջինը՝ անձի ինքնագնահատումն է կամ ինքնավերահսկողությունը:

Ներքին վերահսկողության տակ հասկացվում է ցանկացած ղեկավարի կողմից իր տված հանձնարարությունների ճշգրիտ և ժամանակին կատարման վերահսկումը:

Արտաքին վերահսկողությունն իրականացնում են բոլոր այն իրավասու մարմինները, որոնց վրա դրված է այդպիսի գործառույթ: Այս բոլորը միասին կազմում են սոցիալական կառավարման մեկ ցիկլը: Դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված և փոխպայմանավորված են: Այս շղթայի ոչ մի օղակ հնարավոր չէ դեն գցել:

Ինչ վերաբերում է ոչ ինստիտուցիոնալ կամ հիբրիդ կազմակերպությունների կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն իրականացվում է օրենքով նախատեսված և սահմանված կարգով գրանցված հասարակական կազմակերպությունների /միավորումների/ կողմից:

Հենց այդ դերակատարման համար էլ ուսումնական հաստատությունների այդպիսի հիբրիդ ինստիտուտները պետք է ճանաչել բուն կրթության ոլորտի վերահսկողական իրավահարաբերություններ, քանի որ դրանք ամրագրված են կրթության տարբեր աստիճանների նորմատիվ իրավական ակտերով և ներհատուկ են սոսկ կրթական իրավունքին և որևէ այլ իրավունքի ճյուղում նման ինստիտուտների չգոյությունը հիմք է տալիս այդպիսի եզրակացություն անելու:

Ցավոք, հասարակության մեջ կա թանձրացած կարծիք՝ պետական վերահսկողություն ամենակարողության մասին, թեև, ներկայումս, հատկապես կրթության բնագավառում, ինքնավերահսկողության մեխանիզմները, քանի գնում, ընդլայնվում են: «Պետական վերահսկողություն» ամենակարողության առասպելը երբեք իրականություն չի դառնա, եթե մի կողմից չբարձրանա մարդկանց ինքնագնահատականի, ինքնավերահսկողության աստիճանը և մյուս կողմից չհստակեցվեն պատասխանատվության սահմանները՝ որտե՞ղ և ի՞նչ բնագավառներում և ինչ չափով կարող է խառնվել պետությունը կրթական կյանքին՝ ելնելով՝ առաջին հերթին, ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունների սկզբունքի իրացման անհրաժեշտությունից, պահի նպատակահարմարությունից:

Անգամ այս դեպքում, այդ վերահսկողության արդյունավետությունը կլինի սահմանափակ, եթե կրթության ոլորտի աշխատողների անձնական պատասխանատվության բարձրացման խնդրին պարբերաբար անդրադարձ չկատարվի:

Այսպիսով՝ լայն իմաստով՝ կրթության ոլորտի սոցիալական կառավարումը քաղաքական տնտեսական, սոցիալական և գաղափարական գործընթացների ու մեթոդների մի ամբողջություն է՝ կոչված է նպաստելու կրթական ոլորտի զարգացմանը և կրթական համայնքի կայունության ապահովմանը:

Նեղ իմաստով՝ սոցիալական կառավարման վերահսկողությունը շատ հաճախ հիմնվում է ղեկավար մարմինների տնտեսական, կազմակերպական և սոցիալական չափանիշների պլանային և ծրագրային առաջադրանքների կատարման համար կայացրած որոշումների օրենսդրությանը համապատասխանելու ստուգման վրա: Այն ստացված կրթական արդյունքների, աշխատանքային կարգ ու կանոնի և սահմանված չափորոշիչների պահպանման ստուգումն է: Այսօր էլ անզեն աչքով կարելի է նկատել, որ պետության կրթական