Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Բացի այդ, մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը նրա, նրա ծնողների կամ օրինական խնամակալների կամ ընտանիքի այլ անդամների կարգավիճակի, գործունեության, արտահայտած հայացքների կամ համոզմունքների հիման վրա առաջացող խտրականության ու պատժի բոլոր ձևերից:

Հայաստանի համար ուղղորդող նշանակություն ունի Հոդված 3-ով սահմանված դրույթները.

1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ, նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան օրենսդրական ու վարչական բոլոր միջոցները:

3. Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանելու համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունը իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես անվտանգության և առողջապահության բնագավառներում, դրանց թվաքանակի և անձնակազմի պիտանիության, ինչպես նաև իրավասու հսկողություն սահմանելու իմաստով:

Կոնվենցիայում իրենց արտահայտությունն են գտել նաև ներքոհիշյալ դրույթները՝

Իր սեփական հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Ընդ որում, երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտել իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է երեխայի ընտրությամբ բանավոր, գրավոր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցների գործադրմամբ, անկախ սահմաններից, ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը: Այդ իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշ սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են՝

ա) այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու, կամ

բ) պետական անվտանգությունը և հասարակական կարգը (order public), կամ բնակչության առողջությունը և բարոյականությունը պաշտպանելու համար:

Շարադրված իրավունքների երաշխիքներին և իրականացմանը նպաստելու նպատակով մասնակից պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին երեխաների դաստիարակության գործում իրենց պարտականությունները բանիմաց կերպով կատարելու համար անհրաժեշտ օգնություն են ցույց տափս և ապահովում մանկական հիմնարկների ցանցի զարգացումը:

3. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի աշխատող ծնողներն իրավունք ունենան օգտվելու իրենց համար նախատեսված և երեխաների խնամքի հարցերով զբաղվող ծառայություններից և հիմնարկներից:

Առանձնահատուկ նշանակություն ունի կոնվենցիայի հոդված 23-ը, որն անդրադարձ է կատարում նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքներին: Այսպես՝

1. Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական ոչ լիարժեք երեխան պետք է վարի լիարժեք և արժանավայել կյանք այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին: