Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ՀՈԴՎԱԾ 4

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, բացի այդ, պարտավորվում են մշակել, զարգացնել և կիրառել այնպիսի պետական քաղաքականություն, որն ազգային պայմաններին ու սովորույթներին համապատասխանող մեթոդներով միտված լինի նպաստելու կրթության բնագավառում հավասար հնարավորություն և վերաբերմունք ապահովելուն, մասնավորապես.

ա) տարրական կրթությունը դարձնել անվճար և պարտադիր, միջնակարգ կրթությունը՝ իր տարբեր ձևերով, դարձնել բոլորի համար հնարավոր և մատչելի, բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների, ապահովել դպրոց հաճախելու՝ օրենքով սահմանված պարտականության կատարումը բոլորի կողմից,

բ) միևնույն մակարդակի բոլոր պետական ուսումնական հաստատություններում ապահովել կրթական ստանդարտների, ինչպես նաև տրամադրվող կրթության որակի հետ կապված պայմանների համարժեքությունը,

գ) համապատասխան մեթոդներով խրախուսել և զարգացնել տարրական կրթություն չստացած կամ այն չավարտած անձանց կրթությունը, նրանց կողմից կրթությունը շարունակելը՝ յուրաքանչյուրի ընդունակություններին համապատասխան,

դ) ուսուցչի մասնագիտության համար ապահովել վերապատրաստում՝ առանց խտրականության:

ՀՈԴՎԱԾ 5

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնում են, որ.

ա) կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը, այն պետք է նպաստի բոլոր ազգերի և ռասայական կամ կրոնական բոլոր խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործունեության զարգացմանը,

բ) էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների և, համապատասխան դեպքերում, խնամակալների՝ իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուսումնական հաստատություններից բացի այլ ուսումնական հաստատություններ ընտրելու ազատության հարգումը, պայմանով, որ այդ ուսումնական հաստատությունները համապատասխանեն իրավասու իշխանությունների սահմանած կրթական նվազագույն ստանդարտներին, ու երկրորդ, տվյալ երկրում օրենսդրության կիրառման ընթացակարգերին համապատասխան կարգով, երեխաների համար՝ իրենց դավանանքին համապատասխան, կրոնական և բարոյական կրթության ապահովումը, ոչ մի անձի կամ անձանց խմբի չի կարելի պարտադրել ստանալու կրոնական ցուցումներ՝ հակառակ իր կամ իրենց դավանանքի,

գ) կարևոր է ճանաչել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ սեփական կրթական գործունեություն ծավալելու իրավունքը, ներառյալ դպրոցներ պահելը, և, պայմանավորված յուրաքանչյուր պետության կրթական քաղաքականությամբ, սեփական լեզուն օգտագործելու կամ դասավանդելու իրավունքը, պայմանով, որ.

(i) այդ իրավունքի իրականացումը չի խոչընդոտում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց` հասկանալու ողջ համայնքի մշակույթն ու լեզուն և մասնակցելու նրա գործունեությանը կամ դա չի վտանգում ազգային ինքնիշխանությունը,

(ii) կրթության ստանդարտը ցածր չէ իրավասու իշխանությանների սահմանած կամ հաստատած ընդհանուր ստանդարտից,

(iii) այդպիսի դպրոցներ հաճախելը ֆակուլտատիվ է: