Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դերակատարում ունեցող փաստարկ նաև համաշխարհային մասշտաբով, որին վերջնականապես հնարավոր է հասնել Եվրոպայի մրցունակության բարձրացման, նրա ժողովուրդների մերձեցման և քաղաքացիների լիարժեք զարգացման միջոցով: Բանաձևում նաև նշված է ռազմավարական նպատակը՝ Եվրամիությունը վերածել առավել հարաճուն զարգացող գիտելիքահեն տնտեսության:

2. 2000 թ. դեկտեմբերին Նիցցայում տեղի ունեցած Եվրախորհրդի նիստում շարժունության և կարողությունների զարգացման միջոցառումների պլանը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք՝

  • կապահովեն կրթության և ուսուցման համակարգերի համեմատելիությունը,

գիտելիքների, կարողությունների և որակավորումների պաշտոնական ճանաչումը: Այդ փաստաթղթով նաև Եվրոպական սոցիալական գործընկերներին (եվրոպական սոցիալական գործընկեր կազմակերպությունների անդամներ) թվարկած գործողությունների իրականացման գործում հատկացվել է կենտրոնական դեր:

3. 2001 թ. մարտին Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրախորհրդի նիստում ընդունվել է «Կոնկրետ խնդիրներ ապագայի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգերի համար» Զեկույցը, որը պարունակում է Եվրոպական մակարդակով համատեղ գործունեության հիմնական ուղղությունների հետագա զարգացման պլանը` ուղղված Լիսաբոնում դրված խնդիրների լուծմանը:

4. Եվրախորհրդի 2001 թ. հունիսի 10-ին ընդունված հանձնարարականը պարունակում է համագործակցության երկրներում ուսանողների, աշակերտների, ուսուցիչների և դաստիարակների շարժունության բարձրացման վերաբերյալ դրույթներ ի շարունակումն 2000 թ. դեկտեմբերին Նիցցայում ընդունած շարժունության զարգացման միջոցառումների պլանի:

5. 2001 թ. հոկտեմբերին Բրյուգեի խորհրդաժողովում Եվրամիության / ԵՄ/ երկրների ղեկավարները նախաձեռնեցին մասնագիտական կրթության, այդ թվում՝ կրթության և որակավորման մասին դիպլոմների կամ վկայականների ճանաչման բնագավառում համագործակցության գործընթացը:

Անկասկած, առավել հրատապ է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում աշխատող հայաստանյան գիտամանկավարժական հասարակայնության ծանոթացումը վերոհիշյալ հիմնական փաստաթղթերի և հատկապես այն պահանջների հետ, որոնք պետք է կատարի Հայաստանը որպես «բոլոնյան գործընթացի» մասնակից:

Բոլոնյան հռչակագրից բխող «Բոլոնյան գործընթացի» հիմնական պահանջ-բաղադրամասերը հետևյալն են.

Մասնակիցների պարտականությունները

Երկրները միանում են Բոլոնյան հռչակագրին կամավոր հիմունքներով: Ստորագրելով հռչակագիրը, նրանք իրենց վրա են վերցնում որոշակի պարտականություններ, որոնց մի մասը սահմանափակված է ժամկետներով.

- 2005 թվականից սկսել «Բոլոնյան գործընթացի» մասնակից երկրների բուհերի բոլոր շրջանավարտներին անվճար տալ բակալավրի և մագիստրոսի դիպլոմներին կից միատեսակ եվրոպական հավելվածներ,

- մինչև 2012 թ. բարեփոխել կրթության ազգային համակարգերը այս գործընթացի հիմնական պահանջներին համապատասխան:

«Բոլոնյան գործընթացի» պարտադիր պարամետրերն են.

  • Բարձրագույն կրթության եռամակարդակ համակարգի ներդրումը:
  • Անցում այսպես կոչված «ակադեմիական կրեդիտների» (ESTS) մշակմանը, հաշվառմանը և օգտագործմանը:
  • Ուսանողների, դասախոսների և բուհերի վարչական անձնակազմի ակադեմիական շարժունության ապահովումը:
  • Դիպլոմին կից Եվրոպական հավելվածի առկայությունը:
  • Բարձրագույն կրթության որակի հսկողության ապահովումը: