Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրորդ, կրթական օրենսդրությունը խոր ազդեցություն է գործում կրթական հարաբերությունների անխտիր բոլոր մասնակիցների իրավական կապերի՝ իրավահարաբերությունների վրա: Օրենսդրության շնորհիվ դրանք ծագում են /առաջանում/, փոփոխվում կամ դադարում, պայմանավորում են նրանց «կրթական» վարքի աոանձնահաակությունները: Այդ կրթական իրավահարաբերություններն առաջանում են՝

ա. աշակերտի (սովորողի) և ուսուցչի (սովորեցնողի) միջև,

բ. մանկավարժական աշխատողի և կրթական հաստատության միջև,

գ. ուսուցչի և աշակերտների ծնողների միջև,

դ. կրթական հարաբերությունների և կրթության կառավարման համապատասխան մարմինների և կրթական հաստատությունների միջև և այլն: Այդ իրավահարաբերությունների առանձնահատկությունները որոշակի աստիճանով պայմանավորված են դրանց իրավաբանական բովանդակությամբ (իրավաբանական իրավունքներով և պարտականություններով), չնայած ոչ պակաս չափով դրա վրա ազդում են հոգեբանական, մանկավարժական, բարոյական, կազմակերպական և այլ ոչ իրավական գործոններ:

Կրթության ինստիտուցիոնալ բնութագիրը հասարակության իրավական համակարգի մեջ իր տեղի և դերի համատեքստում՝ կարևորագույնը, բայց միակը չէ կրթական ոլորտի՝ որպես կրթական կարգավորման առարկայի վերլուծության համար: Պակաս կարևոր չէ, իսկ որոշ առումներով էլ և որոշիչ կարևորություն ունի կրթության, որպես համակարգային կազմավորման դիտարկումը:


2.4.2. Կրթական տարածք

«Կրթական տարածք» հասկացությունը, գրականության և կրթական պրակտիկայում ավելի քիչ օգտագործվելով, քան կրթության համակարգ հասկացությունը, այնուամենայնիվ, ունի էական նշանակություն ինչպես բուն կրթության, այնպես էլ դրա իրավական կարգավորման բնութագրման համար: Բանն այն է, որ «կրթական տարածք» հասկացությունն ընդգրկում է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տարբեր կրթական համակարգեր (ենթահամակարգեր), որոնք ստեղծվում են կրթական ոլորտում: Դրա օրինակ է նախադպրոցական կրթության համակարգը (ենթահամակարգը), հանրակրթության /ընդհանուր կրթության/ համակարգը (ենթահամակարգը), մասնագիտական կրթության համակարգը (ենթահամակարգը), որն էլ, իր հերթին, իր մեջ ներառում է նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ավելի ցածր մակարդակի ենթահամակարգեր և այլն: Տվյալ դեպքում, մենք հանդիպում ենք «դամբարանադաշտի պեղումների» սկզբունքին, երբ պեղումները կատարվում են «մինչև հասնելը վերջին շերտին» և ինչպես ամեն մի դամբարանադաշտի շերտի, այնպես էլ կրթական տարածքի /դաշտի/ մեջ մտնող ամեն մի կրթական ենթահամակարգի «տեսակարար կշիռը» նույնը չէ: Բացի դրանից, տվյալ հասկացությունն ընդգրկում է ոչ միայն հասարակության (երկրի) մասշտաբով կրթության ամենամեծ, ինտեգրացված համակարգի համակարգային պարամետրերը, այլ նաև՝ այլ բնութագրիչներ, որոնք թույլ են տալիս կրթական տարածքի իրադրության, կառուցվածքի և հարաշարժի վերլուծության հիման վրա դատողություններ անել ընդհանրապես հասարակական հարաբերությունների զարգացման ուղղությունների և որակի մասին: Դա հաշվի առնելով՝ գրականության մեջ (54, Գ. Ն. Սերիկով) առաջարկվում է առանձնացնել կրթական տարածքի մի քանի կոորդինատներ:

Նորմատիվ-կանոնակարգող կոորդինատ, որը կոչված է բնութագրելու այն իրավական և բարոյական հիմքերը, որոնք կանխորոշում են համապատասխան կրթական դաշտում ցանկացած կրթական համակարգի գործառնության պայմանները: Հենց տվյալ կոորդինատն էլ իրենով արտացոլում է, մի կողմից, կրթության ոլորտում իրավական միջոցների օգնությամբ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը և անհրաժեշտությունը, և մյուս կողմից՝ կրթության համակարգի և նրա տարբեր կրթական ենթահամակարգերի իրավական կարգավորման բուն յուրահատկությունը, որի մասին կխոսվի ավելի ուշ: