Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բ. բուն իրավունքի ձև:

Իրավական ձևը իրավական ողջ իրականությունն է: Այս դեպքում խոսքը տնտեսական, քաղաքական, կենցաղային և այլ փաստացի հարաբերությունները միջնորդավորող իրավական երևույթների մասին է: Իրավական (իրավաբանական) ձևի հասկացությունը կիրառելի է, երբ բացահայտվում է իրավունքի (կամ ցանկացած իրավական երևույթի) կապը այլ սոցիալական կառուցվածքների, գործընթացների և հարաբերությունների հետ:

Իրավունքի ձևը հենց իրավունքի՝ որպես առանձին երևույթի ձևն է, և այն հարաբերվում է միայն իրավունքի բովանդակության հետ: Նրա կոչումն է կանոնակարգել իրավունքի բովանդակությունը, դրան հաղորդել պետա-իշխանական բնույթի հատկանիշներ: Առանձնացնում են իրավունքի ներքին և արտաքին ձևեր:

Իրավունքի ներքին ձևը կառուցվածքը և կապերն են: Դրան են վերագրում իրավունքի համակարգը, իր բոլոր տարրերի համաստորադասության հորիզոնական և ուղղահայաց կառուցվածքները: Իրավունքի արտաքին ձևի վերաբերյալ ժամանակակից հայրենական գրականության մեջ չի ձևավորվել միասնական ընկալում, ինչը հավանաբար կապված է տարբեր հեղինակների կողմից իրավունքի արդեն բուն բովանդակության ոչ միանշանակ մեկնաբանության հետ: Երբեմն, օրինակի համար, ենթադրում են, որ իրավունքի բովանդակությունը պետական կամքն է, իսկ իրավունքի ձևը՝ իրավաբանական նորմերը: Սակայն, կարծում ենք, որ ճշմարտությանն ավելի մոտ են այն գիտնականները, որոնք իրավունքի բովանդակությունը համարում են ոչ թե պետական կամքը (այն դրա էությունն է), այլ՝ իրավաբանական նորմերը, և դրա հետ կապված իրավունքի աղբյուրներն անվանում են ձև: Իրավական նորմը իրավունքի ձևը չէ, այլ՝ բուն իրավունքը:

Ինչպես արդեն նշվել է, իրավաբանական գրականության մեջ «աղբյուր» եզրույթը իրավունքի նորմերի արտահայտման ձևի իմաստով լայն տարածում է գտել, այն բավականին հարմար է և պատկերավոր ցույց է տալիս, որ նորմատիվ իրավական ակտը բովանդակում է իրավական նորմեր և նրանից, ինչպես աղբյուրից, իրավական նորմերի բովանդակության վերաբերյալ տեղեկություններ են վերցվում:

Իրավունքի աղբյուրները իրավունքի առաջացումը և գործողությունը սնուցող հանգամանքներն են: Իրավագիտության մեջ «իրավունքի աղբյուր» եզրույթը վաղուց է հայտնի: Դեռևս հռոմեացի պատմաբան Տիտուս Լիվիուսը (լատ. Titus Livius) (59 Ք.ա.-17 մ.թ.) XII աղյուսակների օրենքներն անվանել է ամբողջ հանրային և մասնավոր իրավունքի աղբյուրը: «Աղբյուր» բառն այս արտահայտության մեջ օգտագործված է արմատ իմաստով, որից աճել է հռոմեական իրավունքի հզոր ծառը:

Ընդունված է առանձնացնել՝

ա. իրավունքի աղբյուր՝ նյութական իմաստով,
բ. իրավունքի աղբյուր՝ իդեալական իմաստով,
գ. իրավունքի աղբյուր՝ իրավաբանական (ֆորմալ) իմաստով:

Նյութական իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում զարգացող հասարակական հարաբերությունները: Դրանցից են նյութական կյանքի արտադրության միջոցը, հասարակական կյանքի նյութական պայմանները, տնտեսական կապերի համակարգը, սեփականության ձևերը, որպես իրավունքի գործողության առաջացման հիմնական պատճառ:

Իդեալական իմաստով իրավունքի աղբյուր ասելով հասկանում են իրավական գիտակցությունը:

Երբ խոսում են իրավաբանական իմաստով աղբյուրների մասին, ապա նկատի ունեն իրավական նորմերի առարկայացման, դրսևորման տարբեր ձևերը (միջոցները): Այսպիսով, «իրավունքի աղբյուր» ասելով, իրավաբանական իմաստով հասկանում են նորմատիվ պետական կամքի առարկայացման, դրսևորման ձևերը: Հենց դա էլ իրավունքի արտաքին ձևն է՝ եզրույթի ճշգրիտ իմաստով: Իրավունքի ձևը ցույց է տալիս, թե ինչ միջոցով է պետությունը ստեղծում, ֆիքսում այս կամ այն իրավական նորմը, և ինչ տեսքով է օբյեկտիվ բնույթ ընդունած այդ նորմը հասնում հասարակության անդամների գիտակցությանը: