Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


3.2.5. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը որպես կրթական իրավունքի աղբյուր

ՀՀ Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

ՀՀ Նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

ՀՀ Նախագահն ընդունում է միայն նորմատիվ կամ անհատական հրամանագրեր և կարգադրություններ:

ՀՀ Նախագահի հրամանագրերը հիմնականում տարբեր երկրների հետ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի վավերացումներն են, կա՛մ կրթության և գիտության նախարար նշանակելու, կա՛մ ազատելու, ինչպես նաև օրինակ ՀՀ Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի ՆՀ-231-Ն հրամանագիրը կրթության և գիտության նախարարության համակարգում պետական կոմիտե ստեղծելու մասին՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:


3.2.6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները որպես կրթական իրավունքի աղբյուր

1. ՀՀ կառավարությունն ընդունում է որոշումներ միայն ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. ՀՀ կառավարության որոշումները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի որոշումներին, ՀՀ Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, ՀՀ Ազգային ժողովի վավերացրած կամ ՀՀ Նախագահի հաստատած ՀՀ միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված ՀՀ կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

3. ՀՀ կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով կամ Հայաստանի ՀՀ Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:

4. ՀՀ կառավարությունը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

Որպես գործադիր իշխանության հանրապետական մարմին, ՀՀ կառավարությունն ընդունում է նորմատիվային որոշումներ բոլոր հարցերով, կապված կրթության ոլորտում ՀՀ օրենքների իրացման հետ: Այն որոշում է կրթության մասին տարբեր օրենքներով նախատեսված կրթական հարաբերությունների այս կամ այն հարցերի կիրառման կարգերը, կանոնադրությունները և հրահանգները, գիտական աստիճանների և կոչումների շնորհման հարցերը, մասնակիցների սոցիալական պաշտպանության, կրթական հաստատությունների աշխատողների վարձատրման չափերն ու կարգը և այլն:

ՀՀ կառավարությունը նաև հաստատել է Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կանոնադրությունները: Դրանցով ամրագրվել են կրթական հաստատությունների գործունեության կարգը, կրթական գործունեություն իրականացնելիս կրթության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները, այդ հաստատությունների կառավարման և ղեկավարման հարցերը, դրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու կարգը և այլ խնդիրներ:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 36-ին համապատասխան ՀՀ կառավարությունը կրթության բնագավառում ունի հետևյալ իրավասությունները՝