Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Ուսումնական հաստատության տեղային ակտերի շարքում հատուկ տեղ է զբաղեցնում նրա կանոնադրությունը, որն ընդունվում է սահմանված կարգով կամ աշխատանքային կոլեկտիվի կողմից: Դրանում ներառվում են ուսումնական հաստատության գործունեության և կազմակերպման հիմնական հարցերը, այդ թվում և ֆինանսական, տնտեսական գործունեության, կրթական հարաբերությունների մասնակիցների գործունեության կազմակերպման, փոփոխության և դադարեցման, նրանց իրավունքների ու պարտականությունների հարցերը: Միաժամանակ, ուսումնական հաստատության մնացած տեղային ակտերը չեն կարող հակասել նրա կանոնադրությանը: Փաստորեն կանոնադրությունը կարևորագույն իրավական փաստաթուղթ է, յուրահատուկ «սահմանադրություն» կոնկրետ ուսումնական հաստատության համար /60, էջ՝ 293/:

Կանոնադրությունը, ընդունելով հանդերձ որպես իրավունքի կարևորագույն աղբյուրներից մեկը, կոչված է կոնկրետացնել ուսումնական հաստատության ակադեմիական ազատությունները, դրանցից օգտվելու սահմաններն ու կարգը: Տեղային կարգավորման մակարդակի են փոխանցված մի շարք հարցեր, որոնք կապված են որոշ սահմանադրական իրավունքների կատարման և այդ իրավունքներից օգտվելու սահմանափակումների սահմանման հետ:

Կրթական իրավունքի ոլորտում առավել լայն տարածում ունեն նորմատիվ պայմանագրերի երեք տեսակներ.

ա/ ուսումնական հաստատության ստեղծման մասին հիմնադիրների միջև,

բ/ հիմնադիրների և ուսումնական հաստատության միջև,

գ/ կոլեկտիվ պայմանագիր գործատուների և աշխատողների միջև, որը կնքվում է ուսումնական հաստատությունում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման նպատակով:

Ներկայումս նմանատիպ պայմանագրերի կնքման փորձը համարվում է ոչ բավարար կատարելագործված, ուստիև տարվում են ակտիվ աշխատանքներ՝ իրավասությունների բաժանման առավել արդյունավետ ուղիներ և միջոցներ գտնելու ուղղությամբ:

Նորմատիվ պայմանագիրը հանդիսանում է ուսումնական հաստատության սահմանման հիմնական ձևը: Դրա ստեղծման ճանապարհին առաջին փուլը հիմնադիրների միջև պայմանագրի կնքումն է՝ հիմնադիրների իրավունքների և պարտականությունների, ինչպես և ստեղծվող ուսումնական հաստատության ու տվյալ հաստատությունում կարգ ու կանոնի և գործունեության դադարեցման հիմքերի մասին: Այդպիսի պայմանագիրը հաստատում է հիմնադիրների և այլոց վարքի համապարտադիր կանոնները և հանդիսանում է ուսումնական հաստատության կանոնադրության առավել տարածված լոկալ /տեղային/ աղբյուրներից մեկը:

Ուսումնական հաստատության կանոնադրության այլ տեղային աղբյուր է հանդիսանում հիմնադիրների և ուսումնական հաստատության միջև պայմանագիրը, որը որոշում է վերջինիս հիմնական իրավունքները և պարտականությունները, գործունեության հիմնական ուղղվածությունը, ոսումնական հաստատությունում աշխատողների աշխատավարձի վճարման կարգ ու կանոնը, նրանց՝ արտոնությունների և սոցիալական պաշտպանության այլ ձևերի տրամադրումը, ուսումնական հաստատությանը հատկացվող գույքի օգտագործման կարգերը:

Կոլեկտիվ պայմանագրերը կնքվում են ուսումնական հաստատության ղեկավարի (գործատուի և աշխատանքային կոլեկտիվի միջև՝ սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման նպատակով: Հաճախ կոլեկտիվ պայմանագրերը պարունակում են աշխատավարձի վճարման, դրամական հավելումների, պարգևատրումների չափերի, մրցանակների և այլ վճարների, ոչ պետական, բարեգործական միջոցների տրամադրման, հնարավոր է նաև, ուսումնական հաստատության ադմինիստրացիայի կողմից աշխատողների համար տարբեր ապահովագրական հիմնադրամներ մուծանքներ կատարելու, աշխատանքային կոլեկտիվի առանձին կատեգորիաների համար արտոնությունների և այլնի մասին իրավունքների ընձեռման նորմեր: Կնքված և ուժի մեջ մտած կոլեկտիվ պայմանագրերը երկու կողմի համար էլ համապարտադիր են: Այն անձանց հանդեպ, որոնք չեն իրականացնում կոլեկտիվ պայմանագրի նորմերը, կիրառվում են պետական հարկադրանքի միջոցներ նույն կարգով, ինչպես կանոնադրության նորմերի խախտման դեպքում, որոնք հաստատված են օրենքով և նորմատիվ իրավական