Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այլ իրավունքների մի շարք գործուն երաշխիքներ, որոնք մինչև հիմա մնում են հայկական օրենսդրությանն անհայտ: Օրինակ, մանկավարժ-կադրերի որակավորման բարձրացման, արձակուրդի տրամադրման և գիտական հետազոտության անցկացման, կարգապահական պատասխանատվության, ոչ լրիվ դրույքով աշխատող, թերի բարձրագույն կրթությամբ մանկավարժ կադրերի և այլն, նորմատիվ հանձնարարականները:

Երաշխավորությունը հանձնարարում է բուհերի դասախոսներին ընձեռել այնպիսի ֆինանսական հնարավորությաններ, որոնք կապահովեն նրանց և նրանց ընտանիքներին կյանքի խելամիտ մակարդակ, ինչպես նաև թույլ կտան միջոցներ ներդնել կրթության շարունակման կամ մշակութային և գիտական գործունեության իրականացման համար: Բոլոր դեպքերում, մանկավարժների աշխատավարձը պետք է համապատասխանի այն դրույքաչափերին, որոնք վճարվում են այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, որոնցից պահանջվում է նման որավավորում:

Մանկավարժական կադրերի գիտական գործունեության խթանման նպատակով առաջարկվում է.

1. Տրամադրել կանոնավոր արձակուրդ որակավորման բարձրացման և գիտական հետազոտություններ կատարելու համար, լրիվ կամ մասնակի աշխատավարձի պահպանմամբ, ընդ որում, այդպիսի արձակուրդի ժամկետը պետք է հաշվարկվի որպես աշխատանքային ստաժ և հաշվի առնվի որպես ապահովագրական աշխատանքային ստաժ՝ կենսաթոշակի նշանակման ժամանակ:

2. Հնարավորություն ընձեռել մասնակցելու միջազգային գիտաժողովներին, որոնք առնչվում են տվյալ անձի բարձրագույն կրթության կամ գիտական գործունեության հետ, արտասահմանյան ուղևորությունններ կատարել առանց որևէ քաղաքական շարժառիթների սահմանափակման, ինչպես նաև ունենալ ինտերնետ մտնելու և տեսակոնֆերանսների մասնակցելու թույլտվություն:

3. Նրանց գիտական աշխատանքներն անվճար հրատարակել ամսագրերում կամ այլ տեղեկատվական աղբյուրներում:

Երաշխավորությունը պարունակում է դրույթներ ոչ լրիվ դրույքով աշխատող մանկավարժական կադրերի աշխատանքային պայմանների վերաբերյալ: Սակայն սխալ կլիներ ենթադրել, որ հանձնարարականի բոլոր նորմերն են պարունակում բարձրագույն կրթական հաստատությունների աշխատողների նկատմամբ պաշտպանողական որոշումներ: Շատ ընդարձակ է այն պարտականությունների ցուցակը, որոնք դրվում են բուհերի մանկավարժների վրա: Հռչակագրում հատուկ նշվում են բուհի դասախոսի ակադեմիական ազատությունները, որոնք ուղեկցվում են գիտնականի պարտքին համապատասխան պարտականություններով: Իրականացվող դասախոսական և գիտական գործունեությունը ամբողջությամբ պետք է համապատասխանի էթիկայի և մասնագիտական նորմերին, օժանդակի հասարակության առջև դրված խնդիրների լուծմանը: Բուհերի դասախոսների հիմնական պարտականությունների թվում Հռչակագիրը Երաշխավորում է.

1. Ուսումնական հաստատության և պետության ընձեռած հնարավորությունների պայմաններում ուսանողին արդյունավետ ուսուցանում, ազնիվ և արդար վերաբերմունք ուսանողի նկատմամբ, ուսանողների և մանկավարժների միջև կարծիքների ազատ փոխանակման խրախուսում:

2. Գիտահետազոտական աշխատանքների իրականացում՝ գիտելիքների ազնիվ որոնման հիման վրա, համապատասխանաբար ապահովելով դատողությունների անկողմնակալությունը, գիտական պարտաճանաչությունը և ապացուցողականությունը:

3. Խուսափում շահերի բախումից /վիճելի հարցերը լուծել կրթական հաստատության կոլեկտիվի և ղեկավարության բացահայտ և բազմակողմանի խորհրդակցությունների հիման վրա/:

4. Սեփական պատասխանատվության գիտակցում, գիտական խողովակներից դուրս այնպիսի հարցերի վերաբերյալ նյութեր հրապարակելիս կամ ելույթներ ունենալիս, որոնք կապված չեն մասնագիտական իմացության հետ /հասարակությունը շփոթության մեջ չգցել սեփական մասնագիտական գիտելիքների բնույթի վերաբերյալ/: