Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարծուման խաբեությամբ ձեռք բերեց այդ թղթերը, ուղարկեց Պերոզ արքային, ասելով «Այս ամենից, որ գրել է Հայոց կաթողիկոսը, երևում է, որ հայ նախարարները մտադիր են ապստամբել քո դեմ և հնազանդվել Բյուզանդիայի թագավորին։ Ուրեմն պետք է քննել և իմանալ այդ մասին»։ Իսկ ինքը՝ Բարծուման, չքմեղանքով եկավ Հայաստան՝ Արզնարզյուն և Մոկաց աշխարհը, որպեսզի այնտեղ ցանի նեստորական աղանդի սերմերը։ Այն ժամանակ Մոկաց աշխարհում էր բնակվում մեր սուրբ վարդապետ Եղիշեն։ Բարծուման եկավ նրա մոտ և խնդրեց Հայոց պատմությունը, որը նա գրել էր սուրբ Վարդանի հրամանով։ Նրա խնդրանքը կատարվեց։ Նույն ժամանակ Արծրունյաց մեծ իշխան Ներշապուհը, որ ամրացել էր Տմորիքի բերդում, տեղեկացավ Բարծումայի մասին և առաջարկեց նրան հեռանալ այդ վայրերից։ [Ներշապուհը] Պարսից թագավորի պատճառով ոչինչ չձեռնարկեց նրա դեմ և միայն ուղարկեց սպառնալից առաջարկներով հրամանը: [Բարծուման] ստացավ հրամանը, զայրույթից լցվեց քենով և [Եղիշեի] պատմությունից դեն գցեց այն, ինչը վերաբերում էր Արծրունյաց տոհմի կատարած գործերին, ինչպես նաև Վահան Արծրունու նահատակությանը։

Իսկ Եղիշե վարդապետն այդ ժամանակ ապրում էր Ռշտունիք գավառում, ծովեզերքին։ Աստծո սուրբն այնտեղ էլ վախճանվեց։ Եվ երբ [նրա] գիրքը Մոկքից վերադարձրեցին, ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա հետ կատարվածի վրա, կարծեցին, թե վարդապետն է այդպես հորինել։ Անօրեն Բարծումայի սադրանքով Արծրունիների նկատմամբ պարսից արքայի կատարածի մասին ցույց եմ տալու այլ տեղում:

Մարկիանոս կայսրը Բյուզանդիայում թագավորեց երկրորդ Թեոդոսից հետո, որը Քաղկեդոնում գումարեց 636 եպիսկոպոսների ժողովը։ Նույն ժամանակ էր, որ նահատակվեցին սուրբ Վարդանը և Վահան Արծրունին:

Իսկ Վասակ Արծրունին՝ սուրբ Աղանի հայրը, վերցրեց իր եղբայրներ Տաճատին ու Գոտերին, մեկնեց կայսեր մոտ և հեռու մնաց պարսից խառնակություններից, երկրի ավերածությունից, Մարկիանոս թագավորը նրանց ընդուեց սիրով ու բարեկամաբար, առաջարկեց մեծաշուք բարձ ու պատիվ, որպես կտրիճ մարտիկների, որոնք Քրիստոսի եկեղեցու և ուղղափառ