Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուրբ հավատի համար չարչարվեցին, արյուն թափեցին, նահատակվեցին և վաստակեցին խոստովանողի անուն։ Պատվական այրերին՝ Վասակին, Տաճատին և Գոտերին, որոնք Արծրունյաց տոհմի մեծ նախարարությունից էին, թագավորը խնդրեց, որպեսզի ընդունեն [Քաղկեդոնի] ժողովը երեք տիեզերաժողովներով հանդերձ։ Նրանք պատասխանեցին. «Որովհետև մենք դադար չունեինք պարսկական հրոսակներից, հեռու մնացինք սուրբ գրքի սովորեցրածից և հավատի ու ճշմարտության կանոններն ընտրելուց։ Բայց քանի դեռ մեր երկրում էինք, մեր առաջնորդները թույլ չտվեցին ընդունել այդ կանոնները։ Արդ, չենք կարող փութով ու շողոմարար հաճությամբ հանձն առնել ձերդ կայսերական մեծության հրամայածը։ Թույլ տվեք մեզ՝ գրել Հայաստան, հարցնել Հայոց առաջնորդներին և ստանալ պատասխանները»։

Աղերսագին թագավորի առջև դրեցին նաև մեղադրանք, թե ինչո՞ւ, երբ ժողով էր գումարվում, հայերից ոչ ոքի անհրաժեշտ չհամարեց կանչել հավատի միաբանության համար։

Մարկիանոսը պատասխան տվեց և ասաց. «Այն պատճառով, որ Հայոց առաջնորդները վտանգների մեջ էին պարսկական խառնակություններից»։ Ապա Արծրունի մեր մեծամեծները թույլտվություն ստանալով, գրեցին Աբրահամ Մամիկոնյան եպիսկոպոսին, որը սուրբ Սահակի աշակերտն էր, և նրան ծանուցեցին արքայի պահանջը։ Իսկ նա վերստին պատասխանեց ասելով. «Տեղի չտալ, չհամաձայնել կայսեր հրամանին, և եթե որևէ վտանգ հասնի, ապա դիմանալ ինչպես արել եք մինչ այդ»։ Նրանք այդ թուղթը մատուցեցին կայսեր, որն իմացավ նրանց հաստատ ու անդրդվելի մտադրությունը և այլևս չջանաց համոզել, թողեց իրենց կամքին ու ցանկությանը: Նրանք այնտեղ մնացին մինչև Լևոն առաջին կայսեր ժամանակները։ Վասակն ու Տաճատը վախճանվեցին այնտեղ և փառավորապես թաղվեցին բյուգանդական մեծամեծների գերեզմանում։

Իսկ երանելի Աղան Արծրունին՝ Վասակի որդին, վերադարձավ Բյուզանդիայից Հայոց երկիրը, ապրեց միանձնի նույն խստակեցությամբ, հրեշտակային առաքինությամբ և ապա փոխվեց երկինք, սրբերի կարգը։ Նրա ոսկորներն ուրիշ սրբերի հետ թաղված են Հադամակերտի վանքում։