Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նվերներ և Խոսրովի բերանով գրված մի թուղթ՝ այսպիսի բովանդակությամբ։

«Մեծազոր թագավոր, ծովերի և ցամաքի տիրակալ, տուր ինձ օգնական զորք և հաստատիր ինձ իմ պապերի թագավորական գահին: Քանզի եթե կարողանամ ջարդել իմ թշնամուն և վերականգնեմ թագավորությունս, կլինեմ քո հլու հնազանդ որդին, քեզ կտամ Ասորվոց կողմերն ու ամբողջ Արվաստանը, մինչև Մծուրն քաղաքը, իսկ Հայոց աշխարհից՝ տանուտերական իշխանությունը մինչև Այրարատ, Դվին քաղաքը և Բզնունյաց ծովի եզերքը, Առեստ ավանը, ինչպես նաև Վրաց երկրի մեծ մասը, ընդհուպ մինչև Տփխիս քաղաքը, և խաղաղության դաշինք կհաստատվի մեր միջև, իսկ մեր թագավորելուց հետո՝ մեր որդիների միջև»։

Մորիկ կայսրը համաձայնեց և նրա մոտ ուղարկեց իր փեսային՝ Փիլիպիկոսին։ Սրա հետ ուղարկեց հրավիրագիր, ապա [Խոսրովից] վերցրեց երդմնագիր։ [Մորիկը] նրան օգնության ուղարկեց կայսերական զորքը՝ հայերից Հովհան պատրիկին, ասորվոց Ներսես զորապետին, Մուշեղին, որը կտրիճ ու զորեղ տղամարդ էր, և Հունաց, Հայոց, վրաց ու աղվանից ամբողջ զորքը: Անհամար այդ զորաբանակը եկավ Ատրպատականի կողմերը՝ Վառարատ գավառ։

Վահրամը Մուշեղին ու մյուս զորագլուխներին գրեց այսպես.

«Ես այնպես էի կարծում, թե երբ կռվելու լինեմ ձեր թշնամիների դեմ, այդ կողմից դուք կօգնեք ինձ, և միասին մեջտեղից կվերացնենք ընդհանուր պատուհասը՝ Սասանյան տոհմը: Դուք ահավասիկ հավաքվել գալիս եք իմ դեմ պատերազմելու, բայց ես չեմ երկնչի հավաքված և ինձ վրա եկող հոռոմ քահանաներիցդ։

Բայց դուք, հայեր, զուր տեղն եք ցուցաբերում տիրասիրություն։ Չէ՞ որ Սասանյան տոհմն էր, որ վերացրեց ձեր երկրի թագավորությունը, մինչդեռ դուք գալիս եք ինձ վրա։ Ձեզ համար ավելի լավ է բաժանվել դրանցից և միաբանվել ինձ հետ, քանզի եթե ես հաղթեմ, երդվում եմ մեծն Որմիզդ աստծով, արեգակով, լուսնով, հրով, ջրով, Միհրով և բոլոր աստվածներով, որ ձեզ կտրվի Հայոց թագավորությունը և ում որ կկամենաք, կդարձնեք ձեզ թագավոր։

- 105-