Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քո ամբարտավանության գավազանը։ Այնժամ արեգակը կզրկի քեզ իր լույսից և կպարուրի խավարով, երկինքը որոտալով, ուժգին կճայթի քեզ վրա, կլսվեն անդունդի ձայները, բոմբյունը, դղրդոցը, ինչպես և բազմաթիվ ձիերի սմբակների որոտի ձայնը, սպառազեն անհամար զինվորներ աղաղակներով կհարձակվեն քեզ վրա։ Այնժամ ամոթահար աչքերով կտեսնես, որ բարձրացել են պայծառ ու մեծափառ դրոշներ։ Նույն ժամին վրա կհասնի թանձր մութը, մեգն ու խավարը կպատեն լեռներ ու դաշտեր, քո ռազմիկները կդառնան սրի ճարակ, քո դեմ կելնեն բազում փայտահատներ, կկոտորեն քո մեծ անտառները, հասակ առած մատղաշ տնկիները։ Այնժամ քեզնից ծնված հուրը կլափի քեզ, ապա քեզնից բորբոքվելով նաև քո տղաների ու աղջիկների բազմությանը։ Քանզի ում շնորհիվ բարձրացար ու գոռոզացար, նրանով էլ կխոնարհվես և ցած կընկնես։ Կավերվի և ամենուրեք կանարգվի քո տաճարների պերճությունը։ Եվ ում որ ծնել ու փայփայել ես, նրանից էլ մահվան կարժանանաս»։ Այս բոլորը հատուցվեց պարսիկներին բյուգանդական սրի շնորհիվ։

Մինչդեռ Խոսրովը կամենում էր իր զորքը գրգռել։ Արքունի թիկնազորը և թագավորական տոհմի բոլոր ընտիր տղամարդիկ ուժ առան դարձյալ պատերազմելու Հերակլեսի դեմ։ Բայց սա մեծ զորությամբ շարժվեց նրանց դեմ: Մառախուղն ու թանձր խավարը ամբողջովին պատել էր երկրի երեսը։ Պարսից զորքը չիմացավ, որ Հերակլեսը ետ է դարձել իրենց դեմ, մինչև որ եկան, իրար բախվեցին ու պատերազմեցին միմյանց դեմ։ Տերն այդ օրն այնչափ մեծացրեց իր ողորմածությունը Հերակլեսի հանդեպ, որ ամենքին տվեց նրա ձեռքը։ Եվ սրածելով անխնա կոտորեցին նրանց, սպանեցին նաև մարտը վարող զորապետին, իսկ սակավաթիվ ողջ մնացածներին շրջափակեցին և կամեցան կոտորել ամենքին։ Բայց նրանք ողորմագին ձայներով աղերսեցին Հերակլեսին, թե՝ «աստվածասեր և բարերար տեր, ողորմա մեզ, թեև արժանի չենք ողորմածության»։ Այնժամ Հերակլեսը հրամայեց գթալ նրանց։ [Պարսիկները] թողեցին 4000 հետիոտն, մերկ, բոկոտն և վիրավոր այրերի։ Առավոտյան Հերակլեսը հրամայեց ասպատակներ սփռել ամբողջ երկրում և սրակոտոր անել ամենքին։

-112-