Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեխայի՝ Խոսրովին և նստեցրին իրենց թագավոր, բայց նա ևս շուտ վախճանվեց։ Ապա ոմանք թագավորեցրին Խոսրովի դուստր Ազարմիկին, իսկ Խոռեմի զորքը Մծբին քաղաքում թագավորեցրեց ինչ-Որ Որմիզդի։ Եվ այնուհետև Պարսից թագավորությունը թուլացավ ու մասնատվեց։ Այո ամենից հետո Հազկերտը թագավորեց Տիզբոնում: նա թագավորում էր վախով, ոչ թե հրամայող էր, այլ անձնապահ։ Սրա ժամանակ հասավ Պարսից թագավորության վախճանը , որի մասին մի փոքր հետո կասենք։

Այստեղ պատշաճում է Դանիելի մարգարեությունը՝ երկաթե և կավե ոտքեր ունեցող, բազմախառն նյութերից կերտված հսկայական արձանի երևալու մասին:


Դ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՑԱՎ ՊԱՐՍԻՑ ՎԱՏԹԱՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՐԴԵՑ ՄՅՈՒՍԸ՝ ԻՍՄԱՅԵԼԱԿԱՆԸ, ՈՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԲԱՆԻ ՊԵՏՔ ՉԷՐ

Հոռոմների Հերակլես կայսեր օրոք հասավ Պարսից թագավորության վախճանը։ Այն ժամանակ Իսրայելի բոլոր ցեղերից 12 հազար մարդ հավաքվեցին Եդեսիա քաղաքում, և երբ տեսան, որ պարսից զորքը հեռացավ և ազատ թողեց քաղաքը, գնացին մտան այնտեղ, փակեցին դռները, ամրացան քաղաքում և ապստամբեցին բյուզանդական տերության դեմ:

Իսկ Հերակլես կայսրը հրաման տվեց պաշարել նրանց: նրա Թեոդորոս եղբայրն ու զորականների բազմությունը կամեցան կոտորել նրանց, սակայն կայսրը հրամայեց [Իսրայելի ցեղերին] հեռանալ իրենց երկրից: Եվ նրանք բռնեցին անապատի ճանապարհը, անցան Արաբիա՝ Իսմայելի որդիների մոտ՝ Մադիամ քաղաքը։ [Նույն անունով քաղաքը] ավերել էին իսրայելացիները, դեռևս Եգիպտոսից իրենց դուրս գալու և Մովաբի թագավոր Բաղակի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ որովհետև պարսիկների իշխանությունը հույժ թուլացել էր, առանց երկյուղի կառուցեցին Մադիամ քաղաքը և բնակվեցին այնտեղ։

-116-