Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թողեցին և հետիոտն դուրս եկան նրանց դեմ։ [Արաբները], քանի որ հանգիստ վիճակում էին, դիմեցին [բյուզանդացիների] վրա։ Իսկ սրանք զենքերի ծանրությունից, արևի տապից, ավազի շատությունից, սորունությունից, հետիոտն քայլեյուց բոլորն էլ խիստ հոգնեցին և թշվառ վիճակում ընկան թշնամիների ձեռքը, որոնք սրակոտոր արեցին, ապա եկան նրանց զորատեղին, վերցրին բազում ավար և սկսեցին առանց երկյուղի տարածվել երկրի երեսին, քանզի չէին վախենում որևէ պատերազմից:

Երբ երուսաղեմցիները տեսան, որ այլևս օգնության հույս չկա, վերցրեցին աստվածային սուրբ նշանը և եկեղեցու այլ սպասների հետ փախցրեցին թագավորական քաղաք՝ Կոստանդնուպոլիս։ Իսմայելացիք տիրեցին ամբողջ Հրեաստանին։

Իսկ արիոսական աբեղան՝ Մահմեդի վարդապետը, որին հիշեցինք վերևում, երբ տեսավ հանգամանքների հաջող ընթացքը, վեր կացավ եկավ Մահմեդի մոտ՝ որպես իրենից՝ վարդապետից սովորած և այդպիսի բաների հասածի, նրան սեր և երաշխիք ցույց տալու համար։ Բայց քանի որ [Մահմեդըն] ասում էր, որ հրեշտակից է վերցրել պատգամը և ոչ թե մարդուց, ուստի ընկավ դժվար վիճակի մեջ և ծածուկ սպանեց նրան։

նույն ժամանակ Պարսկաստանի կողմերում ապրում էր էնչ-որ մի այլ միայնակյաց կրոնավոր, որն ուներ մի աշակերտ՝ Սալման անունով, Միայնակյացը մահանալիս նրան պատվիրեց՝ «Որդյակ, իմ վախճանվելուց հետո չմնաս այս երկրում, որպեսզի քո հավատքը չկորցնես անհավատների մեջ։ Կգնաս Եգիպտոսի կողմերը և կբնակվես կրոնավորողների բազմության մեջ, որպեսզի փրկես քո հոգին»։ Միայնակյացի վախճանից հետո Սալմանը կամեցավ կատարել նրա պատվիրանը։ Ճանապարհին այնպես եղավ, որ նա գնաց Մեդինա։ Ծանոթ էր նաև գիտությանը, գրքերին, թեև ոչ կատարելապես։ Երբ Մահմեդը տեսավ սրան, վերցրեց իր մոտ և հրամայեց Աբու-թուռաբ իսմայելացու ձեռքով գրել իր ցեղի օրենքների գիրքը, քանզի ինքը չգիտեր ո'չ գիր և ո'չ էլ դպրություն:

-120 -