Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վանքի ներքևում է՝ Երասխի ափին: Աշխարհն ապականեց գերեվարությամբ։ Աբդլմելիքի որդի Սուլեյմանն [իշխեց] 3 տարի, Աբդլազիզի որդի Օմարը՝ 3 տարի։ Սա ամենքից ազնվագույնն էր. հավատի թուղթ գրեց Բյուզանդիայի Լևոն կայսեր, որից պատասխան ստանալով, իրենց կուրանից դուրս գցեց հույժ առասպելականը, քանզի ստուգապես ծանոթացավ դրա զորությանը։ Թեպետև չհամարձակվեց ամեն ինչը վերացնել, բայց հույժ պատկառանքով ամաչեց, թուլացավ այդ խաբեությունից, ինչը հանդիմանվել էր կայսեր թղթում։ Սրա շնորհիվ էր, որ մեծ բարեմտություն ցուցաբերեց քրիստոնյա ժողովուրդների հանդեպ և ամենուրեք կատարեց բարերարություն։ Վերադարձրեց գերիներին, ներեց բոլորի հանցանքները և ձրիաբար թողություն արեց։ Բայց իր ժողովրդի հանդեպ մեծ մտերմություն էր ցույց տալիս, քան բոլոր մյուսների։ Բաց արեց հավաքված գանձերը և առատորեն բաշխեց իր բոլոր սպաներին։ Եզիդն [իշխեց] 6 տարի: Սա ժանտաբարո այր էր, շարժվեց իր մոլագար հոդով և պատերազմեց քրիստոնյա ժողովրդի դեմ, նրանց պատճառեց բազում չարիքներ։ Հրամայեց ջնջել փրկչի մարդեղության ու նրա աշակերտների ճշմարիտ կենդանագրված պատկերները: Խորտակեց նաև տերունական խաչի նշանը, որը կանգնեցված էր մի քանի տեղերում, քանի որ նրան հույժ ստիպում էր իր մոլագար հոգին։ Արձակեց նաև խոզասպանության հրաման, և երկրի երեսից ջնջեց բազմաթիվ արածող խոզերի։ Ամեն տեսակ չարագործություններից հետո դևերից խեղդվելով՝ չարաչար սպանվեց. Շամորհեշմը [իշխեց] 19 տարի, Վլիթը՝ 2 տարի, Մրվանը՝ 6 տարի, Աբդլան՝ 3 տարի, Մյուս Աբդլան՝ 22 տարի, Մահադին՝ 10 տարի, սրա որդի Մահմեդը՝ 8 տարի, Մուսեն՝ 1 տարի, Ահարոնը՝ 5 տարի, սրա որդի Մահմեդն ու կինը՝ Զուբեյդան՝ 4 տարի, Մահմեդի եղբայր Մայմունը՝ 21 տարի, Մահմեդի որդի Սահակը՝ 9 տարի, մյուս որդի Ահարոնը՝ 5 տարի 6 ամիս և [դարձյալ] Մահմեդի որդին՝ Ջափրը, 17 տարի։ Սրանց ժամանակների պատմությունը ավելի վաղ ուրիշներն արդեն գրել են. ուստի ավելորդ եմ համարում կրկնել։ Ընդ որում նրանց անունները, ժամանակների թվականները այլափոխված են տվել մեզ, թերևս խառնակ ու խռովարար ժողովրդի պատճառով,

- 123 -