Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ակամայից ու առհարկի կպատմեմ այն անօրինությունների մասին, որ գործեցինք մենք առհասարակ, մեծից մինչև փոքրը, որի պատճառով մեզ վրա բացվեց աստծո սաստող բարկության դուռը, վրա հասան վրիժահատույց պատիժները։ Ինչպես գրված է Երեմիայի մարգարեության մեջ, «տերը բացեց իր զինարանը և հանեց այնտեղից իր բարկության զենքերը», որոնք պահել էր վրեժի հատուցման օրվա համար, հատուցելու մեզ ըստ մեր գործերի, խփելու մեր ոտքը քարին: Կորստյան օրը եկավ հասավ մեր դռան մոտ, որովհետև տերն ահա,— ինչպես գրել է Մովսեսը,— պատրաստեց հասցրեց այն մեզ վրա։ Բայց այս ամենից վատթար է այն դռան բացվելը, որ եղել է աներևույթաբար, հոգիների կորստյան դուռն առավել է, քան՝ մարմինների, երբ խոտորվում են Հոր, Որդու և Սուրբ հոգու անբիծ, ուղիղ և առաքելաքարոզ հավատից։ Մարդկային կարողության համար անհնար է գոցել կորստյան համար բացվաց դուռը։ Սա հույժ պատշաճում է միայն կարող և ամենքին հոգածու աստծո զորությանը։ Ինչպես գրված է, «Կփակի, և ոչ ոք չի լինի, որ բացի, կբացի և ոչ ոք չի լինի, որ փակի»։

Այնժամ թագավորն արձակեց հրովարտակներ և ուղարկեց արագագնաց սուրհանդակներ իր տերության բոլոր կողմերը՝ Ասորեստանի և Բաբելոնի, Թուրքաստանի և Խուժաստանի, մարերի, ելիմացիների ու եգիպտացիների հեռաբնակ վայրերը, Արաբիայի ներքին կողմերը, մինչև Սակաստանի սահմանները, այդ երկրների զորքերին ու զորագլուխներին, նահանգապետներին, քաղաքագլուխներին, հազարապետներին, կուսակալներին ու մեծամեծներին, ժամանակ տվեց փութով ներկայանալ՝ իրենց թագավորաբնակ քաղաքը: Եվ ամենքը թագավորի հրամանով բոլոր կողմերից գումարեցին այրուձի՝ սպառազեն այլ հորինվածով հանդերձ և անհապաղ, արագությամբ եկան ժամադրված տեղը։

Երբ զորապետները եկան թագավորի մոտ, սա սկսեց խոսել, ասելով, «Մեր նախնյաց թագավորության սկզբից, երբ աստված բազում թագավորների զահը տվեց նրանց ձեռքը,

-141-