Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև մեր օրերը, ոչ ոք ի զորու չեղավ դիմակայել մեզ, ո՜չ հեռավոր և ո՜չ էլ մերձավոր երկրներից։ Ոչ ոք այսչափ աղետներ ու տառապանքներ չհասցրեց մեզ, մեր ազգատոհմին, զորքին ու զորապետներին, որչափ Վասպուրականի Աշոտ իշխանը: Ուրեմն արիացե՜ք, եղեք տղամարդ և ելեք Հայոց երկրի վրա, [մատնեցեք] սովի, սրածության և գերության։ Իշխաններին, կուսակալ իշխաններին, ազատներին ու ազատորդիներին կապանքների մեջ դրած, փութով կբերեք մեզ մոտ, և այն ժամանակ դուք կբնակվեք նրանց երկրում, որն ի ժառանգություն կտրվի ձեզ և ձեր որդիներին։ Բայց նախ Աշոտին և նրա ազգատոհմին կբերեք այստեղ, մի՜ ջանացեք նրանից առաջ բռնել որևէ մեկին»։

Եվ իր մոտ եկած ամեն մի զորագլխի ընծայեց պարգևներ ու պատիվներ, հաստատեց ու տվեց գյուղեր, ավաններ։ Հարցրեց նաև զորքերի քանակի մասին, ինչը փնտրեցին և գտան։ Տեղեկացավ նաև ամեն մի զորագնդի հմուտ ու կորովի պատերազմողների մասին, յուրաքանչյուրն ըստ անվան, նույնպես և թե քանիսն են Լավ սպառազինված, քանիսն են հետևակ վահանավորներ, նիզակավորներ ու աղեղնավորներ և քանիսը՝ զորապետներ, քանիսը մեկնազեն զինվորներ, քանիսը ըմբշամարտիկ և քանի զորագունդ ունեն զորագլուխներ և սուրհանդակների քանի զորապետներ կան։ Հարցրեց նաև թե քանի դրոշներ կան, և կամ զորքը քանի մասերի է բաժանելու, քանի փող են փչելու կամ քանի թմբուկ են զարկելու։

Երբ ստուգեց և տեղեկացավ ամեն ինչ, իմացավ, որ ամենից մեծաթիվն են ելիմացիներն ու արաբները, որոնք երկու ձեռքով էլ աջողակ և մազից անգամ չվրիպող կապարճակիրներ ու կորովի նետաձիգներ են, ինչպես մի ժամանակ Իսրայելի զորավոր այրերն էին՝ Եփրեմի ու Բենիամինի տոհմի զորագնդերը։ նրանց զորագլուխ կարգեց Բուղա անունով, ազգությամբ թուրք մի մարդու։ Իր առջևի բազմությանը հրամայաբար պատվիրեց անսալ նրա խրատներին ու հրամաններին։ Սա արաբների ամբողջ տերության գլխավոր հրամանատարն էր, և ո՜չ ոք, մեծից մինչև փոքրը, չէր համարձակվում ընդդիմանալ նրան: Նույնիսկ ինքը՝ թագավորը լսում էր նրա խրատները։ նա համակված էր ապիրատ ու սատանայանենգ հնարներով, չար դիտավորություններով։ Սաստիկ հոխորտում էր և

- 142 -