Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղազարապատ, ուր ապրում է նրա եղբայրը և ուր իրանք կալվածներ ունեն։ Բայց Ավետիքը այդ օրերը գնացել էր գործով Թիֆլիս և չեկավ. մենք այնտեղ մնացինք մի քանի օր և վերադարձանք քաղաք։

Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ Լևոն Մանվելյանը6, որի մոտ էլ լինում եմ։ Ամսույս վերջերին կգնամ Մոսկվա, որովհետև ուսումը երևի կձկտվի, և հաշիվներս վերջնականապես կվերջացնեմ ճեմարանի հետ։ Այստեղի դեպքերի մասին կարդացած կլինեք լրագրներում7։ Արդյոք միտք չունե՞ք գալու։ Շատ լավ կլիներ, եթե Մոսկվա գայիք։ Միջոցներ ունենայի ես էլ կգայի արտասահման ամառս, բայց…

Նամակս երևի ստացած կլինեք Անիից8, դիտմամբ «զակազնոե» գրեցի, որ հասնի անպատճառ։

Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում — «Դավաճանությունն»9։ Երևակայեցեք, սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում, որ ես սպասում էի տաղանդավոր խաղ, այնինչ նա այնքան թույլ էր, որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց։ Վրույրը հիանալի էր։

Այստեղի արյունալի դեպքերի մասին կգրեմ միայն այնքանը, որ դժբախտաբար նոքա արդեն սովորական են դարձել, այնպես որ այնքան էլ ուշք չես դարձնում10

Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում, և շատ ձանձրալի է կյանքը… Շնորհքով մարդիկ էլ չկան, որ մարդ կարողանա հետները խոսել գոնե։ Մոսկվայի դեպքերի մասին կարդացի։ Երևակայեցեք, ռմբակոծել են հենց այն տունը, որի մեջ մի ժամանակ մինչև Կովկաս գալս ես ապրում էի։ Ճակատագիրը ինձ ազատել է չգիտեմ ինչո՞ւ համար։

Ռուսաստանում այնպիսի քաոս է տիրում, որ մտքերն էլ են սերվել, և ես չգիտեմ նույնիսկ ինչ գրեցի։

Տպավորությունները այնքան շատ են, որ չգիտես որը գրես և վերջապես ոչինչ չես գրում։ Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել` այնպես որ վերջացնում եմ նամակս։

Ձեր Վահան

Հասցես` Александрополь, Аветику Исаакяну

Վահանին