Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին անցնում։ Պլեխանովի գիրքը այժմ չեմ կարող ուղարկել, բայց մյուս շաբաթ անպատճառ կուղարկեմ։ Այժմ չեմ կարող, որովհետև ոչ ինքս եմ գնում քաղաք, ոչ էլ հուսաք մի մարդ, որի հետ ուղարկեմ՝ քեզ ուղարկելու հանձնարարությամբ։ Քիչ֊քիչ պարապում եմ։ Շրջանը ինձ համար շատ և շատ անբավարար է։ Ուզում էի «աշխատել», բայց ուղղակի անկարելի է այդ այստեղ։ Առողջությունս այժմ լավ է։ Օնիկը գրել էր, որ պիտի գա՝ այն էլ որ մենակ, այլ քրոջ հետ։ Շատ էի ուրախացել, բայց չեկավ, ինչպես երևում է Պոլից տեղեկություն ունես, գրիր տեսնենք, ես չգիտեմ գրե՞մ նորան, — թե՞ ոչ։ Բայց դու տեղեկություններ հաղորդիր, շատ հետաքրքիր է՝ ի՛նչ է անում, ի՛նչ չի անում։ Մարդու այնպիսի սով է այս կողմերը, որ չգիտեմ ինչպես պիտի ապրեմ, այնինչ մինչև հոկտեմբեր առնվազը Մոսկվա գնալ չեմ կարող։ Մտածում եմ սեպտեմբերին մի կերպ գնալ Թիֆլիս, եթե փող ճարեմ, և մի ամիս այնտեղ մնալ ու աշխատել։ Կարդում եմ։ Ի՞նչ ես անում: Ֆլիրտից ազատ ժամանակդ գրիր, ինչու ես լովել: Պոլի մասին էլ գրիր, ինչ է գրում, ինչ չի գրում։ «Товариши»¹ ոչ մի տեղից չեմ կարող ճարել — արդյոք դու չունե՞ս, որ ուղարկես։ Լրագրի երես չեմ տեսնում, բացի «Խարիսխ»-ից²։ Բեզարա «Խարիսխ»-ից։

Գրքերս մտադիր եմ ծախել, արդյոք այդտեղ լուսավորված մարդ չկա՞՝ գիրք առնող, որովհետև Ալինան³ ինձնից 30 ռ. է խնդրել։ Այստեղ գրքի փող տալը ապուշություն են համարում։ Սատկած էշ են որոնում, որ նալերը հանեն։ Գիտեմ, որ չի լինի։

Чорт-ը քեզ հետ։ Կուսիկյանին նամակ գրելը միտք չունի, որովհետև գիտես, որ նամակը չի ազդում։ Լավ է, եթե նույնիսկ քիչ միջոցներ ունես, եկ Մոսկվա՝ այնտեղ ոչ մի տեղից էլ չլինի նպաստ կստանաս ուսանողական կասսայից և նախկին աշակերտների ընկերությունից, կամ վերջապես այնտեղ կդիմենք Կուսիկյանին կամ մի ուրիշին։ Մի՞թե այստեղ չես կարող ոչինչ անել դու կամ հայրդ։ Այժմ Կուսիկյանին գրելը ոչ մի միտք չունի. դա ես հաստատապես գիտեմ։ Շտապում եմ վերջացնել նամակս, որովհետև քաղաք գնացող չի լինի, մինչդեռ նամակս այժմ ուզում եմ հանձնել, որ ուղարկեն, փոստը գցեն։ Գրի՛ր։

Քո Վահան