Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակ» թերթի նույն թվականի № 40֊ում (24 փետրվարի) տպագրվեց Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյի «Նամակ խմբագրության»-ը։ «Հետևելով «Audiatur et altera pars» սկզբունքին (լատիներեն է՝ պետք է լսել հակառակ կողմին էլ — Վ. Պ.),— ասված է խմբագրության ծանոթության մեջ,— տեղ ենք տալիս ներկա նամակին»։ Վիրավորված «արջի ծառայություն» արտահայտությունից, դա համարելով ուսանողության նկատմամբ «պահպանողական հոսանքների» մարդկանց հատուկ վերաբերմունք, ուսանողական բյուրոն «անտեղի» է համարում Տերյանի «հարձակումը»։ Նշելով, որ ուսանողության մեջ նկատվում է հետաքրքրություն վեպի հայկական կուլտուրան, բյուրոն շարունակում է. «Ընդառաջ գնալով այս երևույթին, բյուրոն կազմակերպում է կիրակնօրյա հայագիտական դասընթացներ, նույն նպատակով նա փոքրիկ ընթերցարան է բաց արել, որտեղ ստացվում են կովկասյան թերթեր: Սակայն Վ. Տ.֊ն սխալվում է, ենթադրելով, որ բյուրոն իր ամբողջությամբ նույնպես անծանոթ է «Հայաստանի անցյալին և ներկային», քանի որ նրա կազմի մեջ կան շատ անձինք, որոնք ունեն հայկական միջնակարգ կրթություն, այնպես որ Հայաստանին ծանոթ լինելու մենաշնորհը Վ. Տ.֊ին չէ պատկանում միայն։

Իր հոդվածը Վ. Տ.-ն, պիտի ենթադրել, ուղղել է բոլոր նրանց դեմ, որոնք անտարբեր են դեպի հայկականը, որոնք ժամանակավորապես, քաղաքական հանգամանքների շնորհիվ, դուրս գալով ասպարեզ և ցանկանալով օգուտ բերել ընդհանուր գործին, ընդհակառակը, վնասում են նրան իրանց անպատրաստության պատճառով։ Սակայն բյուրոն զարմանում է, երբ այդ հոդվածի սկզբում դրված ցիտատի շնորհիվ նա ուղղվում է բյուրոյի դեմ։ Վ. Տ.-ն ռուս հասարակությունը Հայաստանի անցյալի և ներկայի հետ ծանոթացնելու «բարի նպատակը» համարում է բյուրոյի ուժերից վեր, հիմնվելով ամբողջապես այն բանի վրա, որ բյուրոն խնդրել է մամուլի միջոցով «բոլոր ցանկացողներին» ուղարկել իրանց հոդվածները զետեղելու համար ռուսական թերթերում։ Իհարկե, եթե «բոլոր ցանկացողներին» խոսքը բացատրվի այնպիսի լայն չափով, ինչպես այդ անում է Վ. Տ.-ն, այն ժամանակ բյուրոյի կոչը նման կլիներ Հավլաբարի միկիտանի ցուցանակին՝ «համեցե՛ք, «Распивочная и навынос»:

Սակայն բյուրոն այդպես չէր հասկանում իր առաջարկը, նա ի նկատի ուներ հայ հայտնի գրողներին և գրականագետներին հիշեցնել, որ ներկա պատմական մոմենտում ռուս հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցույց տալիս դեպի հայկական կուլտուրան, մինչդեռ այս կարևոր հանգամանքի վրա անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում, ուստի բյուրոն ստիպված եղավ խնդրել նրանցից տալ հոդվածներ՝ զետեղելու համար ռուս մամուլի օրգաններում։ Հենց նույն նպատակով բյուրոն սկսել է առայժմ հրատարակել մի շարք գրվածքներ, որոնք պատկերացնում են Թուրքիայի թշվառ կյանքը։

Եթե Վ. Տ.֊ն ի նկատի ունենա բյուրոյի վերոհիշյալ կազմը, այն ժամանակ նրա համար պարզ կլինի, որ բյուրոն ինքը քննելով ուղարկված հոդվածները ամեն հասնողի հոդվածը չի զետեղի թերթերոմ։ Բյուրոն կշարունակի իր «այժմեական և կարևոր գործը», և գուցե Վ. Տ.-ն շուտով ինքը համոզվի, որ բյուրոն էլ ընդունակ է հասկանալու ժամանակի պահանջները և որ նրա արածը «արջի ծառայություն» չէ»։