Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանակ նոր ձևերն ու նոր բովանդակություններն ըմբռնելու, յուրացնելու համար:

Կուլտուրական ազգերի կյանքում ժողովրդի ստեղծագործ ուժերը բնավ չեն դադարում առաջ ընթանալու, մինչև որ նրանց չի կանգնեցնում մի արտաքին արհավիրք, մի բնական կամ հասարակական սպանիչ, ավերիչ աղետ, մի մահաբեր կատաստրոֆա։ Ահա այդ անկանգ առաջընթացությունը կյանքի և կուլտուրայի ստեղծում Է նոր ստիլ, որ հանդիսանում է մի տեսակ էպոխայի արտահայտությունը, նրա հոգու գեղարվեստական պատկերը, բայց միայն գեղարվեստական պատկերը, ոչ իսկական։

Այն միտքը, թե գրականությունը կյանքի հայելին է, կարելի է ընդունել լոկ այն կերպ, ինչ կերպ կարելի է ընդունել հայելու մեջ երևացող մարդուն կենդանի մարդու տեղ, միայն թե հայելին արտահայտում է արտաքինը, դրականությունը՝ ներքինը, հայելին՝ ձևը, իսկ գրականությունը՝ բովանդակությունը, թեև ոչ բոլոր բովանդակությունը, որովհետև արվեստը ձգտում է դրսևորել մարդուն, սակայն եթե կատարյալ հայելի չկա մարդու ձևը դրսևորելու համար, ապա որքան դժվարին է հասնել այն հայելուն, որը պիտի մարդու հոգու տարամերժ, իրար ժխտող, հաճախ անըմբռնելի (неулови) կերպարանքը նկարագծե։

Ստիլի ստեղծագործումը կռիվ է նախկին ստիլի դեմ—եթե այդպիսին կա։ Ստիլի անկումը կյանքի անկում չէ, այլ հեղափոխության նշան, ժամանակի գեղեցկագիտական զգացմունքների, նոր ստիլի ծագման նշան։

Սկանդինավական ժողովուրդները ստեղծել են այդպիսի ազգային ստիլ, չնայած իրենց հեղինակների ամենատարբեր շկոլաներին ու հասարակական ֊քաղաքական դավանանքներին կամ փիլիսոփայական աշխարհահայեցողությանը։

Սակայն նրանց հմայքը նրանում է, որ ստեղծելով ազգային գրականություն, իր որոշ ստիլով՝ միևնույն ժամանակ և ամենից առաջ նրանք եվրոպական գրողներ են և որ առավել ևս կարևոր է՝ խոր և իսկական գեղարվեստագետներ։ Այդպես Իբսենը—իհարկե նորվեգացի է, Համսունը' նմանապես։ Եթե վերցնենք Համսունի հռչակավոր «Վիկտորյան», կտեսնենք, որ նա այնտեղ մի գավառական ծովափնյա քաղաքի ֆոնի վրա ստեղծագործել է սիրո մի սքանչելի երդ — Վիկաորյայի և Իոհաննեսի սիրո երգը։