Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ապրում, միաժամանակ հեռու լինելով հայկական կյանքից, միայն մերթ ընդ մերթ ակամա աննշմար արձագանքելով այդ իրականությանը։

Ռուսաստանի ամեն մի հայ գաղութ — դա նույն գավառն է, նույն հետամնաց վայրը, ուր ամեն ինչ ներփակված է ընտանեկան շրջանում, ուր գրեթե գոյություն չունի որևէ հասարակական կյանք։

Մի որևէ բորսայական տուզի ամուսնությունը կամ մահը ավելի մեծ հետաքրքրություն է շարժում, քան ամենակարևոր ու նշանակալից հասարակական երևույթ։

Հայրիկի մահը եկեղեցում բավական խուռն բազմություն էր գումարել, սակայն դա մի պաշտոնական, գուցե շատերի համար ակամա մի այցելություն էր, որ այնուամենայնիվ կատարում էին ըստ ավանդության։ Նույն պապենական, նահապետական (ավա՜ղ, այնքան սիրելի շատ և շատ մարդկանց, որ մեզանում չեն քաշվում հեղափոխական կոչվելու) հոտն է փչում և այն ճառերից, որ արտասանեցին մի քանի ազգայիններ՝ դրվատելով Հայաստանյայց առաքելական եկեղեցվո պետին։ Թափվեց խոսքերի տարափը, ուր մտքերը համեստաբար անհետացել էին ճոռոմ ու փքուն խոսքերի անտառում, երևի վախենալով հանկարծակի լուսավորել այն հասարակությունը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրակոչ բացականչություններ լսելու։

Կարիք չկա կրկնելու այդ ճառերի բովանդակությունը, երևի դուք լսել եք գավառներում երդվյալ հռետորներին, որ ամեն տարի խոսում են Վարդանանց տոնին և ուրիշ ազգային տոներին կամ հայ գործիչների թաղման ժամանակ։

— Վարդանը մեռավ, սակայն նա կենդանի է…

— Հայրիկը մեռավ, սակայն նա կենդանի է և այլն…

Շարունակությունը արդեն գիտեք, հազար անգամ լսել եք, մեծ մասամբ ոչ միայն «մտքերը» նույնն են, այլև բառերը, նախադասությունները։

Հոգեհանգստից հետո ժողով գումարվեց «Ս. էջմիածնի թափուր Աթոռի մասին խորհելու նպատակով»։ Հարյուրավոր ամբոխից մի 15—20 մարդ էր մնացել ժողովին և դրանից մի քանիսը ուսանողներ էին, որ շուտով հեռացան։ Խորհեցին, խորհեցին… և ցրվեցին իրանց տները, իրանց գործերին։ Ինչպես տեսնում եք, այնքան էլ խորը չեն մեր ազգայինների զգացմունքները։