ինքնատիպ, բայց ընդհանուր գրական լեզվի լայն ճանապարհից դուրս, ինչպես «Ջուլհակները» Հաուպտմանի կամ Ֆրեդերիկ Միստրալի գրվածները։ Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի։ Սակայն նա պահպանել է իր լեզվի մեջ դեռևս երկու բառ — դա հռչակավոր էս-ն ու էն-ն է: Այդ էս-ն ու էն-ը այս ու այն-ի հանդեպ մեր գրականության մեջ առանձին բարբառների գործածության վերջին զինվորներն են, վերջին բերդերն են և ըստ իս շատ խարխուլ ու անհաստատ բերդերը, որ դեռ պահպանում են իրանց գոյությունը և մինչև անգամ թշնամական բանակի մեջ իրարանցում գցելու անհաջող փորձեր էլ են անում։ Թումանյանի մի քանի շնորհալի և անշնորհք աշակերտները ճիգեր են թափում այդ էս֊ն ու էն-ը ընդհանրացնելու, և պետք է խոստովանել, շնորհիվ մեր երկրում տիրող անտերությանը, որոշ չափով հաջողում են այդ բանում։
Նրանք լցրել են մեր մանկական գրականությունը այդ էս ու էն-երով և մի քանի ուրիշ նույնանման բառեր ևս մտցրել են դրանց հետ միասին։
Դրա մասին ես խոսում եմ նրա համար, որ դպրոցի և մանուկների մեջ վտանգավոր են այդ բարբառի վերջին զինվորները — մանուկները չեն կարող տարբերել թշնամուն բարեկամից, և մեր լեզվի դեմ կանգնած այդ վերջին զինվորներին վարող են բարեկամաբար ընդունել, մինչդեռ, ըստ իս, նրանց պետք է դուրս վռնդել— թողնելով միայն այն գրվածներում, որոնց ստիլը պայմանավորված է դրանցով — այսինքն քշել իրանց բնակավայրը և միայն այնտեղ թողնել — այսինքն Թումանյանի գրվածների մեջ։ Ի պաշտպանություն այդ էս-ի և էն-ի, այս֊ի ու այն-ի հանդեպ բերվում է և այն, որ մեր բարբառներից ոչ մեկում չկա այս ու այն, այլ ամենուրեք էս է կամ աս:
Սակայն այդ պատճառաբանությունը քննադատության չի դիմանա, եթե աչքի առաջ ունենանք այն, ինչ ես վերն ասացի բնական և արվեստավան լեզվի մասին։ Լեզուն զարգանում է ազատ և չի կամենում հպատակվել լեզվաբանների պեղած հին օրենքներին և օրինակներին։