Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որում շատ կարևոր է այժմ իսկ հայտարարել, որ ռուսական զորքերը դուրս չեն բերվի պատերազմի իրավունքով մեր կողմից գրավված Հայաստանի մասից, մինչև այնտեղ չստեղծվեն անձնական անվտանգության հաստատուն երաշխիքներ, և մինչև այնտեղ նոր կարգ չհաստատվի։ Անհրաժեշտ է, որ «պատերազմի իրավունքով» գրավված Հայաստանի մարզերի կառավարումը անմիջականորեն կապված լինի կենտրոնական իշխանության հետ և թույլ չտրվի ենթարկելու հատուկ Անդրկովկասյան կոմիտեի կամ այլ տեղական իշխանության, քանի որ, ինչպես փորձը ցույց է տվել, կառաջացնի տեղական քաղաքական և հասարակական պայմաններից բխող մի ամբողջ շարք բարդություններ։

Եթե պահպանվելու է մեր զորքերի կողմից Հայաստանի գրավված մասը կառավարող այժմյան Գլխավոր կոմիսարիատը, համենայնդեպս ցանկալի կլիներ այժմ իսկ այդ մարզերի կառավարման գործի մեջ ներգրավել թուրքահայ ընտրովի ներկայացուցիչներին, այդ ներկայացուցիչներից ստեղծելով մեր զորքերի կողմից գրավված Հայաստանի մարզերի կառավարման Գլխավոր կոմիսարիատին կից հատուկ Սովետ։ Այդպիսի ցանկություն շարունակ հայտնել են իրենք՝ թուրքահայերը, ինչպես մամուլում, այնպես էլ ժողովներում և համագումարներում։

1917


4. ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Շիրվանզադեի հոբելյանական հանձնաժողովի նախագահ, Բաքվի նավթահանքատեր և գործարանատեր

Համբարձում Մելիքյանին

Հարգելի պարոն

Պատիվ ունեցանք կարդալու «Հորիզոն»-ի № 108-ում Ձեր հրապարակական նամակը, որով Դուք բարեհաճել եք պատասխանելու Շիրվանզադեին ուղղած մեր ողջունական հեռագրին, որի պատճենները միաժամանակ ուղարկված էին ոչ միայն «Մշակ»-ին և «Սուրհանդակ»-ին, այլև «Հորիզոն»-ին, սակայն վերջինս, մեզ անհասկանալի