Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կացողություն անգամ չունեն։ Եվ ցավալի է, որ դու խաբվել ես դոցա երեսից, դոցա ցիլինդրից... Մյուս կողմից խմբագրություն չպետք է այդպես խայտառակ կերպով վարվի իր աշխատակցի և այն երիտասարդ և քիչ առաջ բաղձալի աշխատակցի հետ, դա լավ ատեստացիա չի տալիս խմբագրության հեռատեսության, անաչառության և տակտի մասին։ Խմբագրությունը պիտի ավելի պակաս «նյարդային» լինի և ավելի շրջահայաց հակառակ դեպքում ի՞նչ տարբերություն ձեր և Առաքելյանների մեջ, որ այսօր երկինք են հանում իրանց աշխատակցին, վաղը ցեխը կոխում։ Եթե դա դատապարտելի է անհատների հարաբերություններում, ուրեմն հասարակական գործում դա կորստաբեր, վտանգավոր բան է։ Հասարակական գործիչը իմ կարծիքով պիտի ավելի համբերատար լինի, պիտի ավելի քիչ նշանակություն տա իր անձնական չնչին ինքնասիրության։ Ձեր խմբագրությունը այս դեպքում իր երեխայական չնչին ինքնասիրությունը ավելի բարձր է դասել, քան գործը, որ պիտի բարգավաճն և զորանա ոչ թե միայն խմբագիրների եռանդով, գիտությամբ և այլն, այլ առավել ևս իր շուրջը խմբած անկեղծ, մաքուր, շնորհալի ուժերով (որոնք այս դեպքում ավելի ևս պիտի գնահատվեն ու գուրգուրվեն, քանի որ ձրի են աշխատում՝ հանուն գաղափարի և սիրո դեպի գործը)։ Մինչդեռ մեզանում խմբագրությունները, որ սովոր են «անգործ» մարդկանց, տգետ ուսուցիչների, խալֆաների ու գործակատարների հիմար-հիմար բարբաջանքները տպելու, այնքան խելք չունեն, որ տարբերություն դնեն մարդկանց մեջ և եթե հաշվում են, որ պատիվ է մի տգետ վարժապետի համար նրա հոդվածը տպելը — դա բոլորովին մի մեծ բան չէ հասկացող ու կրթված, իր գինը ճանաչող գրողի համար, որին պետք է շնորնակալություն հայտնել, որ գրում է ձրի, որ զարդարում է թերթը (եթե, իհարկե, գրողը իրոք այդպես է, օրինակ, մի Թումանյան, մի Ավո)։

7. Դու ասում ես, որ ներողամտությունը քո կյանքի և թեորիայի դևիզն է և հետո ասում ես, որ եթե Պողոսը գիտակցեր իր մեղքը և «զղջար», այն ժամանակ դու ներողամիտ կլինեիր։ Բայց, օրհնա՜ծ, այն ժամանակ ինչ ներողամտություն — մարդը ստորացած կլիներ և ի՞նչ արժեք կունենար քո ներողամտությունը։ Ո՛չ, պետք է ներողամիտ լինել, երբ մարդ իր մեղքը անգամ չի զգում, պետք է այնպես անել, որ իբր թե դու ես մեղավոր և ոչ


6 Վ. Տերյան, հատ. IV