Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելենա Բեգլարովնան երբեք չէր կասկածում, որ եթե պրոֆեսորը մենակ գնար, չէր վերադառնա, բայց նրա մտքից ուրիշ չար բաներ էին անցնում. մահ, պատերազմ, հանկարծ իրարից կտրվել ակամա։ Նա տեսել էր պատերազմը և գիտեր հարյուրավոր դեպքեր, որ իրար չափազանց սիրող ամուսիններ բաժանվել էին իրարից, երկար ժամանակի բացակայությունը աճեցրել էր յուրաքանչյուրի մեջ տարբեր զգացումներ, սկզբնական շրջանում՝ օտարոտի, բայց հետզհետե դարձել էին ընտանի և անխուսափելի։ Այս մտքերով տարված և սեղմված ամուսնու գորովալից թևերի մեջ, Ելենա Բեգլարովնան հետադարձ մի հայացք գցեց իր երիտասարդական կյանքի վրա և հիշեց մանրամասն այն ժամերը, որոնք անց էր կացրել առանց հաճույքի, հաճույքից խուսափելու անիմաստ քմահաճույքով, տեսավ կյանքի դատարկ տարածությունները, որոնք նա կարող էր ժամանակին լցրած լինել բույրով և ծաղիկներով, կարող էր լցրած լինել իր մարմնի հեշտագրգիռ ալիքներով, և, ավա՜ղ, չէր լցրել, տարածությունները հեռացել էին ժամանակի արագաթռիչ թևերի վրա, և բոցավառ ոչ մի սեր, բարձրատոն ոչ մի կանչ չէր կարող ետ բերել նրանց՝ ինչպես արմատից չորացած մի տունկ, որին չի կարող զարթեցնել ոչ մի գարուն։

Նա կրքոտ սեղմվեց ամուսնու կրծքին, փարվեց նրա շրթունքներին։

Պրոֆեսորն զգաց, որ քառասունը նոր թևակոխած կինը, որի գլխի վրա լուսնի ջրերի մեջ թաթախված մի քանի սպիտակ թելեր էին սողոսկել, ավելի քաղցր է, քան քսան տարեկան աղջիկը, որ չիմանալով կյանքի ցուրտը՝ չի իմանում նաև, թե ինչ է կյանքի հրաբորբոք ջերմությունը, որ կուտակված է նույն կյանքի ոչ թե մակերեսի վրա, այլ խորության մեջ։ Իր ամուսնու թևերի մեջ՝ Ելենա Բեգլարովնայի մարմինը բոցավառվեց, կարծես այրվում էին նրա ամենափոքրիկ, միայն լույսի դեմ տեսանելի աղվամազերը, արյունը վետվետում էր նրա մարմնի սպիտակության մեջ՝ ինչպես կարմիր վարդը ձյան մեջ։ Նա հանկարծակի դարձավ այնպես կրքոտ և հրավառ՝ ինչպես ուշացած սերը, ինչպես գարնան մեջ ապրող, բայց նրա գոյության անտեղյակ մեկը, որ թռչում