Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



— Արդեն վերջացրի՞ք աշխատանքը,— հարցրեց գրադարանի վարիչը զարմացած:

— Այո, ինձ շատ բան հարկավոր չէր, միայն մի քանի թվական տվյալներ, ուրիշ ոչինչ։

— Ի՞նչ կա-չկա քաղաքում,— հարցրեց գրադարանի վարիչը:

— Ոչինչ, միևնույնն է, ինչ որ գիտեք:

— Ասում են հիդրոշենի կառուցումը վերջանում է,— հարցրեց գրադարանի վարիչը, որի աչքերում փայլում էր ուրախության ցոլքը:

— Օ՜, այդ տեսակետից, այո, կառուցումները շատ լավ են,— պատասխանեց պրոֆեսորը բոլորովին զարմացած, որ միջնադարյան երգչի ձեռագրի վրա կռացած մարդը, գրքի այդ որդը, հետաքրքրվում էր ժամանակակից կյանքով, այն էլ ամենավերջին նորություններով։

— Ձեզ մոտ հետաքրքրական բաներ շատ կան, գեթ եղել են։

Գրադարանի վարիչը գլխի չընկավ։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը շարունակեց.

— Ապրելով այստեղ, այս որմերի ստվերների տակ, ստանում եք հին կյանքի բույրը. ահա մի քանի օր առաջ ձեզ մոտ տեղի ունեցավ շատ նշանակալից դեպք։

Գրադարանի վարիչը նոր գլխի ընկավ, որ պրոֆեսորն ակնարկում էր մեռոնեփեքի տոնը։

— Այո, հավաքվեցին այստեղ հազարավոր մարդիկ, հեռավոր քաղաքներից և գյուղերից, լցվեցին, թափվեցին իրար վրա, կեղտոտեցին ամեն տեղ, տեսնու՞մ եք, այժմ լուսամուտն անգամ չի կարելի բաց անել, գարշելի հոտը խուժում է ներս և շնչել չի կարելի, ահա ձեզ հին բույրը,— ասաց գրադարանի վարիչը՝ թթվեցնելով երեսը։

Այն ժամանակ միայն պրոֆեսորն զգաց, որ իսկապես գյուղի փողոցներից անցնելիս, մանավանդ վանքի բակը մտնելիս՝ այդ գարշելի հոտը փչում էր կատաղի կերպով։

— Նու՜, ոչինչ, կանցնի,— վախկոտ հարեց պրոֆեսորը՝ կարծելով, որ գրադարանի վարիչի անդորր բնավորությունը կարող է պայթել։

— Այո, կանցնի, իհարկե կանցնի, ամեն կեղտոտություն