Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մատների քնքուշ բախումով. «Բայց պրոլետարիատն ինչո՞ւ և ինչպե՞ս է կառուցում»։ Ընդոստ վեր ցատկեց նա սրտնեղած։ Այդ թխկոցը, այդ թեթևագույն մատների քնքուշ բախումը հետզհետե պիտի դառնար մի հարց, որ որոտի նման պիտի պայթեր։ Արագ կերպով, կարծես հրդեհից փախչող մի մարդ լիներ, հագնվեց և իջավ փողոց։

Փողոցի առաջին անկյունում պրոֆեսորը գնեց մի «Պտի Պարիզիեն» և երբ բաց արավ, ժպտաց թեթև։

«Մաճկալ» էի գնում, այժմ «Պտի Պարիզիեն»,— մտածեց նա և առաջ անցավ։

Մի փոքրիկ խանութից նրան գրկեց բոցագույն հացի բուրումը, կանգ առավ հափշտակությամբ, գլուխը կոխեց խանութի դռնից ներս։

— Բոնժո՜ւռ, մոսիո,– բացականչեց արմունկները բաց, կլոր և սպիտակ մի կին ժպտուն՝ Փարիզի արևի նման։

Պրոֆեսորը ներս մտավ և վերցրեց ձողի նման մի փոքրիկ հաց՝ վրան պարուրաձև մի գծով և երբ փողը վճարեց, կինը, ուրախ և ժպտուն, նորից բացականչեց.

— Մերսի, մոսիո…

Քայլեց նա մայթով, նորից կանգ առավ, դիտեց փեղկերը, հանկարծ, առանց մտածելու, փոխեց մայթը, անցավ դիմացը և շարունակեց քայլել առանց հոգնություն զգալու, ագահորեն դիտելով շուրջը՝ երբեմն սրբելով փոքրիկ կաթիլներով գոյացած քրտինքը ճակատի վրա։ Հանկարծ նա իրեն գտավ Օպերայի առաջ։ Մոտեցավ, ոտը դրեց մարմարյա սանդղամատի վրա և հիշեց, որ այդ վսեմ կոթողը կառուցված էր 60-ական թվականներին, հիշեց մինչև անգամ կառուցող ճարտարապետին՝ Շառլ Գառնիեին։ Հետզհետե նրա քայլերն առաջ գնացին։ Ահա Վանդոմի հրապարակումն է։ Նա տեսավ Նապոլեոնի արձանն այնտեղ, Մեծ Բանակի բարձր սյունի վրա, որը ձուլված էր 1805 թվականին՝ թշնամուց գրավված 1 200 թնդանոթներով։ Պրոֆեսորը ոչ թե քայլեց դեպի Նապոլեոնի արձանը, այլ երկյուղածությամբ և հափշտակությամբ գալարվեց դեպի նա, ինչպես հավատացյալը մոտենում է իր հավատքի տաճարին։ Նա մի անգամ ևս, ավելի խորը և ավելի սարսուռով, քան երբևիցե, զգաց Նապոլեոնի ուժը, նրա պատմական վսեմությունը։ Մի քանի անգամ նա