Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

          * * *
Ես լույսերի հետ դանդաղ կհոսեմ,
Կհյուսվեմ նրանց
Ճառագումներին,
Եվ այնպե՛ս կանեմ, որ շողը քիչ էլ
         կորընթաց գնա,
Ու խոր ձորերում՝
Երազի կանաչ առագաստ բացող
Շյուղերի ճամփին,
Մութը օրերով անմաշ չմնա։
Իսկ հետո, հետո
Արբունքի հասած գարունքվա նման
Կծաղկեմ լույսի մաքրածուփ սիրով
Եվ կասեմ՝ խնդրե՛մ,
Վայելիր, աշխա՛րհ, իմ սիրո բույրը,
Պարուրվիր նրա կրակների մեջ
Ու հաղորդ եղիր սիրույս հրաշքին։
Իսկ դուք, իմ խոհեր, ես կասեմ
                          վերջում,
Լույսից սովորեք,
Թե ոնց են սրբում արցունքը աչքից...


ՏԵՐԵՎՆԵՐԸ

Ծառերից թափվող տերեւների մեջ
Ինչ-որ այրում կա,
Որ վերծանվում է դեղին ժպիտով,
Խորհրդով դեղին,
Եվ չեն ափսոսում, չեն ցավում նրանք
          Ընկնելու համար։
Աշնա՜ն տերեւնե՜ր...
Երեւի գիտեն, որ ձյունից առաջ
Իրենցով պիտի ծածկեն մայր ծառի
Անհող մնացած ինչ-որ մի արմատ։