Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա կարոտած օրորների մեջ։
Ես հույսի ծառ եմ,
Գիտեի, որ դու պիտի անցնեիր
          Այս արահետով,
Անտառը թողե՛լ,
Եկել, կանգնել եմ բլրի վրա։
Մի ասա՝ ճամփաս փակել ես, սե՛ր իմ,
Ինձնով քո ճամփան բա՜ց է հավիտյան.
Ես լույսի՛ ծառ եմ...


ԻՆՔՆ ԻՐԵՆ ԳՏԱՎ

Լեռան խորքերում զարթնեց առվակը
Եվ շարժվեց դանդա՛ղ,
Շարժվեց անշտա՛պ,
Մինչեւ որ, ահա՛, ինքնաճանաչման
           տանո՜ղ-հասցնո՜ղ
Մաքառումներով
Գտավ, վերջապես, ելքը հորդումի,
Ինքն իրեն գտավ։
Սակայն, ծնունդն այդ ոչ ոք չտոնեց,
Եվ աչքալուսանք չտվեց ոչ ոք։
Ձորում գետակ կար։


ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Լեռների վրա
Համրության նման հալվում է արդեն
Երկնի ձյունեղեն, ճերմակ մանվածքը։
Ինչ-որ մի կանաչ ժպիտ է ծաղկում
          աշխարհի դեմքին,
Ողողում ամբողջ իմ էությունը...
Արեւի շուրթից գարունը ծորում,
Եռում է պրկված իմ երակներում,
Մերվում խոհերիս
Ու երգի փոխվում շուրթերիս վրա
          սիրո մի երգի...