Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՒ

Այն ծաղիկն ես իմ հուզումի,
Որին իմ մեջ զգում եմ լոկ
          քեզ տեսնելիս։
Լույս թերթերիդ շոյանքներով
Քնքշացավ հոգիս այնքա՜ն,
Որ սկսեցի սիրել անգամ
Քարե ժայռը
Ու լե՛րկ ժայռը,
Նրա կրծքից բխած մի խենթ
          ծաղկի՜ համար։
Ես սիրեցի
Եվ ըմպելու համար բույրդ՝
Ողջ աշխարհն եմ սեղմում սրտիս...

                 * * *
Ինչ-որ մի սառ դող է ընկել
          սիրտը ծառի.
Տերեւները գունաթափվում
Եվ ընկնում են խամրող հողին...
Կարենայի՜ փակել ճամփան
Այս աշունքվա
ՈՒ աշխարհը կանաչ մնար։

                * * *
Բա՛ց արեք օրվա պատուհանները,
Օ՛դ է հարկավոր,
          Եվ լույս՝ օդից շատ։
Բայց նորից մութ է, խավար է նորից.-
Այրո՛ւմ է ցավն ինձ։
Այս ի՞նչ կանչեր են իմ հոգուն փարվում,
Ցուրտ շամանդա՞ղն է ծովը համբուրում։
          Օրը ո՞ւր մնաց։
Ինչ-որ կսկիծ է հունցվում երգիս մեջ.–
Այրո՛ւմ է ցավն ինձ։