Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

         Մաքուր լինեն միշտ,
Ու, թե հարկ լինի, արեւը անգամ
Կրակ աղերսի նրանց խորքերից։
Իմ հոգում ունեմ մի անշեղ ճամփա,
Ուր պիտի լինես ճամփորդն առաջին։

-Դե՛հ, ճամփադ բարի...


                * * *
Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...

Խոհերս այրվում ու ամեն քայլիս
Ձուլվում են ասես
Հորիզոնները հույսով երիզող
Լեռան ծաղկունքի գույն-ժպիտներին,
Իսկ կապույտներում պուտ-պուտ նկարված
Աստղերի երգը,
Թվում է, ես եմ հորինել մի օր։

Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...

Ես խորանում եմ արեւի կանաչ
Խորհուրդների մեջ
Եվ իմ ճամփամերձ ծառերը մեկ-մեկ
Զուգում հեքիաթի ադամանդներով,
Ամեն սաղարթից
Լույս ու գինդեր եմ կախում ծիծաղի,
Խնդությամբ օծում թուփ ու արահետ։
Եվ ինչքա՜ն լավ է,
Որ ճանապարհս հոգնել չգիտե,
Միայն թե հավատ, հույս տանի իր հետ։

Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...