Էջ:Vardan Hakobyan's works.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես գիշերվա երազ ու տեսիլք
Առավոտի մեջ հալվում եմ ահա։
Չգիտեմ երբ եմ սկսվել, որտեղ,
Չեմ էլ հավատում, թե վե՜րջ կունենամ։


                     * * *
Մարդիկ իմ մասին ասում-խոսում են...
Ես ի՞նչ եմ անում նրանց խոսքերում–
Արտասվո՞ւմ եմ ես, գուցե, ո՞վ գիտե,
Գուցե երգո՞ւմ եմ...
         Միաժամանակ
Գուցե եւ երգում, եւ արտասվո՞ւմ եմ։
Ես ի՞նչ իմանամ,
ԹԵ ինչ եմ անում նրանց խոսքերում։
Մարդիկ իմ մասին ասում-խոսում են։
Ինձ ճանաչում են։
         Ինձ չեն ճանաչում։
Վատաբանում են՝
Դեհ, ճանաչո՜ւմ ենք,
Տանում են, մեկ էլ երկինք են հանում,
Ահա նա՝ ոնց կա-թե ճանաչում եք...
Թոդ լա՛վը ասեն,
          Թող վա՛տը ասեն,
Միայն թե... ասվեմ։

Մարդիկ իմ մասին ասում-խոսում են։
Նրանց խոսքերը,
         Նրանց ասքերը,
                Նրանց աչքերը
Ինձ շատ են օգնում,
Որ գոնե ինքս ինձ լավ ճանաչեմ
Ու օրվա համար լինեմ մատչելի,
          Ծանր է կյանքում
          Ապրել օտարված
Եվ մնալ չասված, անճանաչելի...
Ասվում-խոսվում եմ մարդկանց խոսքերում։