Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

            * * *
Իմ աչքերի մեջ հավատը այնքան,
Այնքան խորացավ,
Որ կարծում էի ես տղայաբար,
Թե բացվող սիրո ձնծաղիկները
Ինձ իզուր էին գարուն խոստանում.
Ինչ միամիտ եմ եղել ես, տեսեք,
Ինչ ծիծաղելի...

Այսքանից հետո ես դեռ փորձում եմ
Ձեզ հետ կատակել,
Ժպտալ ձեզ՝ ինչպես մարդը խելացի,
Ձեզ համար, նույնիսկ,
Համարձակվում եմ հորինել երգեր.
Ինչ միամիտ եմ եղել ես, տեսեք,
Ինչ ծիծաղելի...

Ձեռքերիս դողը տալիս եմ գրչիս,
Ինձ իմ օրերի տված դողն էլ
Հերիք կլինի։
Եվ ամեն գնով համոզում եմ ինձ՝
Սիրելում գոնե անսխալ լինել...
Ինչ միամիտ եմ եղել ես, տեսեք,
Ինչ ծիծաղելի...


                * * *
Թե փորձեմ հանկարծ քեզնից հեռանալ՝
Կարոտ են դառնում քո հողն ու ծառը,
Չեմ կարողանում ուրիշ ափ գնալ,
Եվ այնպես քաղցր է այդ չկարենալը...