Վաղուց է, որ դառել է հող։
Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...
Քո առաջին քայլը այսօր
Նախաբան է՝
Իմ չգտած երգի համար,
Իսկ մնացած քայլերը քո՝
Ծառ-ծաղիկներ,
Վեհ տաճարներ - երկնից բարձր,
Որ այնտեղից պապիդ նման
Սեգ լեռների վրայով էլ
ձեռքդ մեկնես,
Հյուսիսցու տաք ձեռքը սեղմես։
Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...
Եվ ոչինչ, թե քարը շատ է,
ժայռը շատ է,
Առանց դրան
Ախր հողը ո՞նց դիմանար
Կայծակներին։
Իսկ ես արդեն, խոստովանեմ,
Որ քո հայրը ես չեմ՝ Հողն է,
Իսկ ես ու դու... եղբայրներ ենք...
Ծանոթացի՛ր, որդի՛ս Հողն է։
* * *
Գիշերվա դեմ դուռդ կողպիր,
Լույսդ արթուն պահիր, իմ տուն,
Երբ գիշեր է ու խավարն է
Շուրջ բոլորդ հանգիստ վխտում։–
Որ չարքերից հեռու մնաս։
Որ խավարը չթանձրանա
Կակաչներիդ կարմիր սրտում։
Որ կանաչը խորշակների
«Գգվանք» չառնի հանդ ու արտում։
Որ իր կտցին երգ ունենա
Արտերի մեջ՝ ամեն արտույտ։
Որ դաշտերդ լինեն ծաղկուն։