Էջ:Vardan Hakobyan's works.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

               * * *
Դարերդ քայլում են լեռների պես,
Լեռներդ քայլում են դարերի պես,
Ես երկարում եմ իմ զույգ ձեռքերը՝
Գրկում դարերդ, լեռներդ եւ քեզ։

Քայլում ենք անվերջ՝ անհունի սիրով,
Դարերի առաջ՝ վեհ ու անարատ։
Անպարտ ես դու միշտ հույսիդ լեռներով,
Լեռները՝ քեզնով բարձր ու հպարտ։


                * * *
Կարոտս առնեմ ու երազիս հետ
Ձորից - ձոր անցնեմ,
Լցվեմ ձորերիդ անհուն խորությամբ։
Սարից-սար անցնեմ կարոտս առած,
Ու քո սարերի
Կապույտ վեհությամբ,
Մաքրությամբ լցվեմ։
Այսինքն՝ երկար փնտրելուց հետո
Ինքս ինձ գտնեմ,
Հոգուս տեր լինեմ.
Եվ արեւոտեմ
Քեզ համբուրելու կարոտից վառվող
Շուրթերս՝
         Քո սուրբ քարերի վրա...


ՔԱՐԻ ԱՆՈՒՆԻՑ

Քեզանից հեռու, ճամփի մոտ ընկած
           քո տուֆաքարն եմ՝
Սրտի պես կարմիր...
Թոդ ներող լինեն քարերն այն բոլոր,
Որ կամուրջներիդ կամարների մեջ
Ուս-ուսի տված պահում են իրար
Ու քեզ են պահում։