Հորինել պետք չէ,
Արձանագրիր դու պարզությունը
Այն մի բուռ ջրի,
Որ քո հայացքը առավոտում է,
Կանաչ բարեւը՝ անխոս-անհնչյուն
Խոնարհվող ճյուղի,
Արձանագրիր...
Եվ թող շիվերը բարեկամաբար
Խոնարհվեն քո այդ տողերի վրա
Եվ... ընթեռնեն քեզ։
Եվ ոչինչ, ոչինչ,
Թե հանկարծ նրանց տերեւ-աչքերից
Մի շիթ-ցող կաթի թղթերիդ վրա.
Սուրբ է ցողն այդ -
Դրանով երգդ սրբագործվում է։
Հորինել պետք չէ, արձանագրիր...
ՀԱՑԻ ԲՈՒՅՐԸ
Հացի բույրը տաք...
«Հիշում ես, հաճախ թաց խրամատում
Մի պատառ հացը
ձեռքից-ձեռք տալիս,
Բույրն առնում էինք,
Այդ բույրով ապրում։
Դե, ինչպես հիշես, երբ որ չես տեսել»...
Հացի բույրը տաք...
Օջախի ծուխը երկինք է ելնում,
Թող տանի իր հետ օրհնանքը պապիս.
«Շե՜ն մնաս, աշխարհ»։
Կանաչ արտի մեջ հասկավորվել են,
Արեւավորվել կանաչ արտի մեջ
Կոշտուկները իմ խամացած ափի...