Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հացի բույրը տաք...
Ակոս աո ակոս շրջում եմ հողը
Եվ ալիքվում է հողի բույրը թեժ
Ու սիրտ է լցվում.
«Տես, չխորթանա քո ձեռքը հողին,
Որ ցանած սերմդ ծիլեր արձակի...
Հողն ամեն ձեռքից սերմ չի վերցնում»։

Հացի բույրը տաք...
Թե երդվել էր պետք, ուրիշ ոչ մի խոսք
         Լեզվին պատ չէր գա.
         «Այս հացը վկա»...
«Դեհ, հացը սուրբ է, պիտի հավատալ»։
Ոնց չհավատալ. «Մարդ հացով է մարդ».
Եվ էլ ոչ մի ձայն, առարկում չկա։

Հացի բույրը տաք...
Այսպես հիշում եմ խոսքերը պապիս
Եվ խոնարհվում եմ հացը կտրելիս։
         Խոնարհվում այնպես,
Ինչպես ցողունը՝ ճկված հասկի տակ,
Ինչպես հողվորը՝ սերմը ցանելիս,
Հացթուխը՝ թոնրից հացը հանելիս...


ԵՍ ԺԱՄԱԳՈՐԾ ԵՄ

Ես ժամագործ եմ...
Գործ ունեմ սակայն ոչ ժամացույցի,
Ժամի հետ,
Դարի,
Որ այն չափից դուրս հանկարծ չլարվի,
Որ ինչ-որ մի տեղ կանգ չառնի ժամը.
Քի՞չ են զույգերը,
Որ ժամադրվել, սպասում են իրար
                 այդ ժամից հետո...