օրից սկսած, ամեն օր լուսաբացից առաջ, արծիվները գալիս, երամով շենի շուրջ կանգնում են՝ ամեն մեկը մի ժայռի վրա, հսկում Քարինտակի առավոտը, իսկ լույսը բացվելուց հետո, թռչում են երկինք։ «Էն մեր սուրբ նահատակների արթուն ոգիներն են, տղերք»։
Ու կարծես նահատակների ոգու կանչից ծնվում է «Հաղորդություն» բանաստեղծական մեներգությունը՝ «Երգ Երգոցի» բնաբանով. «Ես պարիսպ եմ. եւ իմ ստինքները աշտարակների նման են. ուրեմն նորա աչքի առաջ կլինիմ խաղաղություն գտածի նման»։ Եթե «Դրախտավայրի թունավոր ծաղիկ» փիլիսոփայական նախերգանքում սերը միֆականացված է, ապա «Հաղորդությունը» հուշում է զգացմունքի աշխարհիկ վայելքի հմայքը՝ թե աղջիկներն Արցախում ժպտում են անթերի եւ դրա համար հողի մեջ կենսավիշը շատ է, եւ մայրերը հղիանում են կրկնակի.
|
«Դադարների» շարունակությունը նոր անակնկալներ է բացահայտում
արցախյան բնաշխարհի հոգեւոր ու ֆիզիկական կազմույթում։ Աներեւույթ
մի ուժ մարդկանց մղում է դեպի ինչ–որ բարձունք, նպատակ եւ նրանք իրենց էության անգիտակից բնազդներում հայտնաբերում Են տակավին անհայտ ինչ-որ նվիրում, կամքի գերագույն լարում եւ ինքնակայացման անդիմադրելի ձգտում։ «Մարդն ինքը ճանապարհ է, անցնում է բոլոր մարդկանց միջով. անցնում է բոլոր ծառերի, քարերի, ջրերի, ծաղիկների, տիեզերքի, ամեն մի հյուլեի միջով։ Եվ միայն ու միայն այդ ճանապարհին են կատարվում աշխարհի ամենամեծ հայտնությունները՝ կրակի գյուտից մինչեւ Էյնշտեյն ու Հրանտ Մաթեւոսյան, մինչեւ արցախյան ժենգյալով հաց, մինչեւ ատոմային ռումբ ու մինչեւ... սերը»։ Այլապես որտեղի՞ց եւ ի՞նչ հրաշքով պիտի ծագեր Էրիկ-Ճուտոյի եւ Սիրունի ինքնաստեղծման ու ինքնաարարման հեքիաթը, մի իսկական սիրավեպ՝ հայտնության պես գեղեցիկ եւ առաջին