Աղջիկնե՜րը...
Կարող են հենց ուզած ձեւով,
Ինչպես լսած հեքիաթի մեջ,
Ինձ դարձնել մի պարզ հոլիկ
Կամ՝
Ապարանք
Անմատչելի.
Ոնց կամենան։
Աղջիկնե՜րը...
Ես չեմ կարող աղջիկներին
երբեք ներել,
Ամենից շատ՝
Նրա համար,
Որ այսքանով հանդերձ, նրանց
Ես կարող եմ միայն սիրել։
* * *
Քո երգը գարնան կարոտի բույր է,
Դառը, սրտամոտ
Ճշմարտություն է՝
Ասված շշուկով։
Քո երգը, երգը
Ականջներիս մեջ ու սրտիս խորքում
Գիշերներն անգամ չլռող զանգ է,
Քո երգը՝ մերժում,
Համաձայնություն,
Առուների մեջ զուլալված կարկաչ,
Սրտի շուրթերին՝ տառապանքի կանչ։
Քո երգը, երգը
Կարոտների գույն,
Որով ես հիմա նկարում եմ քեզ
Ու փորձում տեսնել քեզ այդ նկարով։