Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աչքերդ, ահա՝
          գիշերների երգ,
Շուրթերդ՝ ամռան զայրացած արեւ,
Վարսերդ՝ անզուսպ ջրվեժի ծիծաղ՝
Ձորում ամայի,
Հասակդ՝ իմ իսկ երազով օրհնված
         սուրբ կրակենի...
Եվ այսքանը՝ քո անլուռ երգի մեջ,
Անուշ ձայնի մեջ...
Այս ինչպե՞ս եղավ,
Որ վայրի, վայրի աղավնի դառած
          օրերս թռան,
Տուն ու տեղ դրին անուշ ձայնիդ մեջ,
Քնքուշ ձայնիդ մեջ...
Քո երգը, երգը։


ԱՆԱՎԱՐՏ ՍՊԱՍՈՒՄ

Ես օրը օրին մատաղ եմ տալիս
Եվ սպասում եմ... Ո՞ւմ եմ սպասում։
Ում սպասում եմ՝ նա էլ չի գալիս,
Գուցե գալիս է, սակայն, չի՜ հասնում...

Նա ճանապարհին գուցե մոլորվել
Եվ սպասում է... Թող ինքս գնամ.
Սիրտս անանուն ցավով է վառվել,
Ինչո՞ւ, ինչի՞ց է, ես ի՜նչ իմանամ։

Նայեցեք, ահա, իմ ճանապարհին
Այն ո՞վ երեւաց, թե... ի՜նձ է թվում,
Կյանքս պահ է մի, անցնո՞ւմ է՝ բարի,
Բայց սպասումս, չէ, չի՜ ավարտվում։